«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դավիթս 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխան է: Դա, կարծես, իրեն ստիպում էր ամեն հարցում լինել առաջինը: Ամեն ինչ պետք է ամենալավ ձևով աներ, եթե լավ չէր ստացվելու, ուրեմն պետք է ընդհանրապես չաներ: Ակտիվ էր ու աշխույժ, հիմա այդպիսին իր քույրիկն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Բագրատը:
Դպրոցից հետո քոլեջ, քոլեջն ավարտելուց հետո էլ Ամերիկյան համալսարան ընդունվեց Դավիթը: «Երեք ամիս խորացված տարբերակով մաթեմատիկա պարապելուց հետո ընդունվեց համալսարանի Բիզնեսի բաժինը: Մեկ տարի գերազանց սովորել է, հետո զորակոչվել ծառայության: Համալսարանին մոտ ենք ապրում, դասը սկսվելուց տասը րոպե շուտ էր դուրս գալիս տանից, ասում էր՝ էլ ո՞վ ունի նման հնարավորություն: Մեքենա վարել շատ էր սիրում. «Պա՛պ, մեքենայով գնամ համալսարան, դու հետո արի, մեքենան վերցրու»: Իր ընկերների մեջ առաջինը սկսեց մեքենա վարել: Շատ մեծ ընկերական շրջապատ ունի Դավոս, մինչ օրս էլ իրենք մեր տուն են գալիս, լավ ընկերներ ունի»: Բանակ զորակոչվելուց հինգ օր առաջ ավտովթար է տեղի ունենում, Դավիթին զինկոմիսարիատում ասում են, որ կոտրվածքով իրեն բանակ չեն տանի, բայց Դավիթը համառում է՝ չէ, պետք է գնամ ծառայելու: 2019 թ.-ի հուլիսն էր:
«Աջակցեցի իր այդ որոշմանը, ինչի համար ինձ ներել չեմ կարողանում: Նախարարություն դիմում գրեցինք, և իրեն կոտրվածքով զորակոչեցին: Հավաքակայանից իրեն տարան Մուրացանի հիվանդանոց, մեկ ամիս այնտեղ պառկեց, վիճակահանությամբ ընտրել էր Արցախը, այնտեղ պետք է որոշվեր, թե որ զորամասում է ծառայելու: Այնտեղ վիճակահանություն չէին արել և Դավիթին ամենահեռու զորամասն էին ուղարկել, չգիտեմ էլ՝ կարծել էին՝ փախել է ծառայությունից, թե ինչ: Իր հետևից գնացի Արցախ, մեկ օր մնաց հոսպիտալում ու տեղափոխեցին Եղնիկներ: Գնացի նաև Եղնիկներ, ճանապարհը բավականին բարդ էր, բայց սիրտս չտարավ: Եղնիկների զորամասը խոր ձորի մեջ է, չորս կողմը՝ անտառ, հարուստ տարբեր ծառերով. աշուն էր, բազմազան գույներ, կարծես դրախտում լինես: Այդ օրը, երբ պետք է արդեն վերադառնայի, զրուցում էինք. «Դա՛վ ջան, խոստանում եմ, որ մեկ ամսվա մեջ քեզ կտեղափոխեմ»:
Իրոք, արդար չէր իրեն այնտեղ ուղարկելն առանց վիճակահանության: Երկրորդ՝ իրեն ուղարկել էին որպես իբր «չեպե» արած զինվոր, բայց հակառակը՝ ինքնակամ դիմում էր գրել ու մեկնել ծառայության: Արձագանքեց. «Պապ, էս բնությանը նայի, սար ու ձորին նայի, սա թողնեմ, գնամ ասֆալտի վրա ծառայե՞մ»: Հայրիկը պատմում է՝ տարբերակներ կային, որ որդին տեղափոխվի Ստեփանակերտում ծառայելու, բայց Դավիթը կտրականապես դեմ է արտահայտվել: Իսկ հետո 44-օրյա պատերազմն էր: Սեպտեմբերի 26-ին հայրիկը Դավիթի մոտ էր: «Ծնողներս, քույրս արտասահմանում էին, եկել էին Հայաստան, երկու մեքենայով, մոտ 12-14 հոգով գնացինք Դավթին տեսնելու: Տանտերը, որի տանը պետք է մնայինք, մեզ տեսնելով՝ զարմացավ. «Պատերազմի վտանգ կա, վիճակը լարված է»: Հետո մի զինվորի եմ հանդիպում, հարց ու փորձ անում, նա էլ ասաց, որ դիրքերում շարժ կա: Դավիթի սպան էլ ինձ հետ զրույցում հաստատեց, որ լարվածություն կա, բայց Դավիթը մեզ հանգստացրեց ու ճանապարհեց տուն: Երբ նստեց մեքենան, սկսեցի իրեն նկարել, անընդհատ կադրեր էի անում, սիրտս մի տեսակ դրմփաց, երբ վերջին կադրն արեցի. Դավիթս մեզ հրաժեշտ տվեց, նստեց մեքենան ու էլի ձեռքը դուրս հանեց ու կրկին հրաժեշտ տվեց»:
Դավիթը զոհվել է հոկտեմբերի 1-ին: Այդ օրերին ընտանիքը որդու հետ կապ չի ունեցել: «Դավիթի զոհվելուց տասն օր հետո իմացա բոթը: Այդ օրը նկարագրելու չէ: Բարկացել էի, որ ուշ էին հայտնել լուրը, բայց քույրս ասաց՝ մի բարկացիր, Դավիթը քո կյանքը տասն օրով երկարացրեց: Սեպտեմբերի 27-ին Դավիթը եղել է Մռավ լեռան ամենավերջին դիրքում: Թուրքերն առաջինը Դավիթիս դիրքին են մոտեցել, այն էլ՝ անսպասելի կողմից: Յաշմայի 60-65 հոգանոց հատուկ ջոկատ է եղել: Մոտենում են դիրքի տնակին, Դավիթը տեսնում է, որ տղերքին վտանգ է սպառնում, մտնում է խրամատը ու մի քանի նռնակ գցում թուրքերի վրա: Ընկերն է պատմում, որ «բլիժնիյ բոյ» են տալիս, մեկ էլ տեսնում են, որ դրանք «օդերով թռան»: Հարձակումը դադարում է: Այդ դիրքը թուրքերը շատ են ցանկացել գրավել, բայց չեն կարողացել:
«2016 թ.-ի ապրիլի 24-ն էր, տղաներիս՝ Հրանտին ու Դավիթին ասացի, որ միասին պետք է մի ֆիլմ դիտենք: Երեքով «Մայրիկ» ֆիլմը դիտեցինք: Մի պահ իրենց էմոցիաներին կողքից դիտողի դերում էի, զգում էի, որ հուզմունքը հազիվ են զսպում, այդ պահն աչքիս առաջ է: Հաջորդ առավոտյան Դավիթը մայրիկին ասաց. «Մա՛մ, հենց հարստանամ, քեզ համար «Մայրիկ» ֆիլմի մեջի այգին եմ սարքելու»: Պետությունից ստացած գումարը ներդրեցի Դավիթիս երազանքն իրականացնելու համար: Հիմա այդ այգին հիմնվում է: Անցած տարի Դավիթիս ծառը բերք տվեց: Պտղատու ծառերն անվանական են՝ մեր հերոս տղաների անունով, Ամերիկյանը իր համալսարանի հերոսների անունով դեկորատիվ ծառերի տունկ կազմակերպեց, կա նաև ծաղկանոցի հատված: «Դադիտունը» պատրաստ է հյուրընկալել բոլորին: Ավագ եղբայրն է հենց առաջին օրվանից եղբորը Դադի կոչել, հիմա էլ այգին կրում է այդ անունը»:
Հ. Գ. - Դավիթ Ուզունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում»: