Կարևոր իրադարձություններ

Տնտեսվարողների հետ քննարկվել է Հայաստանում Արտադրողի Ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը (լուսանկարներ)

27 Մարտ, 2024 18:46
Տնտեսվարողների հետ քննարկվել է Հայաստանում Արտադրողի Ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը (լուսանկարներ)

Հայաստանի համար արդիական են վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները։ Դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման, վերամշակման, օգտահանման և ոչնչացման հարցերը: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումների կիրառում։ Այս համատեքստում շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրատեսակների համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ներդնել արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ:

Համակարգի ներդրման իրազեկումների շրջանակում մարտի 26-ին Շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» և «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր հանդիպում-քննարկում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արտադրողի Ընդլայնված պատասխանատվությունը, խրախուսելու գործընթացներին մասնավոր հատվածի ներգրավվածությունը և երկխոսությունը։

Հանդիպման ներկա էին շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողներ և ոլորտի շահագրգիր ներկայացուցիչներ, ում ներկայացվել են Արտադրողի Ընդլայնված պատասխանատվությունը կանոնակարգերը։

Հանդիպման ընթացքում «Թափոնների քաղաքականություն Հայաստան» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է օրենսդրական նախագծի դրույթները և պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։

Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը խոսել է համակարգի ներդրման բոլոր փուլերում շահառուների լիարժեք ներգրավվածության կարևորությունից։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) օրենսդրությունը մշակվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» աջակցությամբ՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում։

 

Լրահոս

Դիտել ավելին