Կարևոր իրադարձություններ

Հայաստանի 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը նվազել է. որոնք են հնարավոր պատճառները. մեկնաբանում է մասնագետը

13 Հուլիս, 2023 13:52
Հայաստանի 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը նվազել է. որոնք են հնարավոր պատճառները. մեկնաբանում է մասնագետը

Համաշխարհային տնտեսական համաժողովն օրեր առաջ հրապարակել էր «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում-2023» զեկույցը, որում հաշվարկված էր 120 երկրների՝ այդ թվում Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսը (ԷՎԻ)։

Ըստ զեկույցի` Հայաստանում 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը կազմել է 53.6 միավոր, որը 3.0 միավորով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Հայաստանն այս ցուցանիշով 120 երկրների վարկանիշային աղյուսակում 72-րդն է` նահանջելով 18 հորիզոնական։  Ըստ այդմ, Հայաստանի 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը 2.7 միավորով ցածր է համաշխարհային միջին ինդեքսից:

Զեկույցի համաձայն` տարածաշրջանի երկրներից ամենամեծ առաջընթացն ունի Ադրբեջանը՝ ԷՎԻ-ն աճել է 6.4 միավորով, իսկ դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում բարելավվել է միանգամից 26 հորիզոնականով։ Ադրբեջանը Հայաստանից առաջ է 40, Վրաստանը` 10, իսկ Թուրքիան՝ 7 հորիզոնականով:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ, ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը, էներգիայի փոխակերպման ինդեքսը կապված է նորագույն տեխնոլոգիաներին անցնելու հնարավորություններից։

«Ընդհանրապես այդ անցումը գին ունի։ Օրինակ, թանկարժեք հումքը կամ ռեսուրսը նկատի ունեմ: Շատ հնարավոր է, որ ինդեքսի անկումը կապված լինի ատոմակայանի երկար ժամանակ փակ լինելով, նաև Հրազդան ջէկ-ի հետ կապված խնդիրներով։ Այնպես որ, սա մասնակի ցուցանիշ է, որով դատել տնտեսական կամ էներգետիկ համակարգի մրցունակությունը, կարծում եմ՝ լիարժեք չէ»,-նկատում է փորձագետը։

Ըստ Ատոմ Մարգարյանի` եթե նայենք խնդրի արմատներին, աշխարհում ամբողջ քաղաքականությունն էներգետիկ անցման ռեժիմում է գտնվում։ Տարբեր երկրներ իրենց տնտեսություններում փորձում են նվազեցնել էներգաարտադրություններն այն աղբյուրներից, որոնք թանկ են, հիմնված են ածխաջրածինների, նավթագազային (գազ, մազութ) ռեսուրսների վրա, և աշխատում են էկոլոգիապես մաքուր, ժամանակակից էներգետիկական հզորություններ գործարկել։

«Մասնավորապես, այդ անցումը փորձում են կատարել արևային և հողմաէներգետիկ ճյուղերի զարգացման հաշվին: Այս խնդիրն ամբողջ աշխարհում կա, միայն Հայաստանին չի վերաբերում։ Ընդհանրապես, որևէ արտադրանքի կամ ազգային տնտեսության էներգատարությունն այնպիսի ցուցանիշ է, որը որքան կրճատվում է,  այնքան արտադրողականությունը կարող է բարձրանալ։ Այսինքն, եթե կիրառում ենք նորագույն տեխնոլոգիաներ, և դրա հետևանքով էներգիայի ծախսը կրճատվում է, ապա սա կարող է բերել արտադրողականության կամ արդյունավետության բարձրացմանը։ Բոլոր գործոնների ազդեցությունը պետք է դիտարկել համատեղ»,-նշում է Մարգարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ցուցանիշներին` Ատոմ Մարգարյանը նշեց, որ Ադրբեջանն էներգակիր ունեցող երկիր է, և նրա տնտեսական, ռազմական հաջողությունները հենց այս հանգամանքով են պայմանավորված։

«Եթե մենք հանենք իր նավթն ու գազը, Ադրբեջանից ոչինչ չի մնա։ Ինչ վերաբերում է վերափոխման ինդեքսին, պետք է նշեմ, որ Ադրբեջանը նավթն ու գազը վաճառում է, վեր է ածում տեխնոլոգիաների, զենքի։ Եթե նայենք բնակչության շնչի հաշվով, մեծ տարբերություն չկա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ Բայց եթե համեմատենք էլիտաների կարգավիճակներով, մեծ տարբերություն կա»,-ասաց նա։

Իսկ թե ինչով է պայմանավորված Թուրքիայի հետընթացը, մասնագետի բնորոշմամբ` Թուրքիան մի քանի տարի է, ինչ տնտեսական փլատակների տակ է։ Բացի այդ, երկրի տնտեսությանը մեծ վնասներ է հասցրել նաև երկրաշարժը, որի հետևանքով տասնյակ միլիարդավոր կորուստներ է կրել։

«Մյուս կողմից էլ Թուրքիան էներգետիկ աղբյուրներ չունի, և մրցակցային դիրքեր, առավելություններ ունենալ չի կարող։ Այս ամենը կապված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Ռուսական գազի հոսքը Թուրքիան փակել է, այս ամենն ազդել է իր երկրի վրա, և առաջիկայում էլ դեռ կազդի։ Այնպես չէ` Թուրքիան շահում է այս ամենից: Թուրքիան ևս տուժողներից մեկն է, ինչպես և բոլորը` թե´ Եվրոպան, թե´ Ռուսաստանը»,-եզրափակեց նա։ 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին