Կարևոր իրադարձություններ

Ինչով է պայմանավորված զբոսաշրջության աճը. պարզաբանում է փորձագետը

10 Հուլիս, 2023 16:09
Ինչով է պայմանավորված զբոսաշրջության աճը. պարզաբանում է փորձագետը

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ 30 տոկոսով ավելի է։ Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, դեպի Հայաստան ամենաշատ այցելությունները եղել են Ռուսաստանից՝ 52 տոկոս, Վրաստանից՝ 11 տոկոս, Իրանից՝ 6 տոկոս։ 

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը, 30 տոկոս ցուցանիշը և´ տնտեսական աճի, և´ վճարային հաշվեկշռի (ծառայությունների արտահանման) տեսանկյունից որոշակի դեր խաղում է:

«Իհարկե, կարևոր է, որ զբոսաշրջությունն աճում է, բայց, եթե մենք նայենք, թե ինչ վիճակ էր Covid-19-ից առաջ, ապա կտեսնենք, որ այս աճն այդքան էլ մեծ չէ: Մենք տուրիզմի տեսանկյունից կորցրեցինք 2.5 տարի, և հիմա բացթողածը վերականգնում ենք: Այսինքն` այս տարվա իրավիճակն այնպես է շարունակվում ասես սա լիներ 2020 թվականին: Հիմա մենք անցնում ենք ցուցանիշների աճին, իսկ մինչ այդ վերականգնում էինք արդեն իսկ առկա ցուցանիշները: Կարելի է ասել, որ հիմա մենք սկսել ենք գերազանցել նախաքովիդյան ցուցանիշներին»,-նկատում է տնտեսագետը:

Վերջինիս խոսքով՝ այս պահի դրությամբ 30 տոկոսը բավական լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ դոլարի և մնացած արտարժույթների համեմատ դրամը թանկացել է, իսկ ռուբլին՝ էժանացել: Հիմնական երկիրը, որտեղից զբոսաշրջիկները գալիս են Հայաստան, Ռուսաստանն է: Նրա խոքով՝ այս հանգամանքները հաշվի առնելով` զբոսաշրջության աճը հիմա բավական բարձր է:

«Ռուսաստանում ամենամեծ հայկական սփյուռքն է: Եվ, առաջին հերթին հենց հայերն են գալիս: Նրանք կարող է քաղաքի փողոցներում այդքան էլ շատ չերևան, քանի որ շատ դեպքերում հայաստանցիներից չեն տարբերվում, բայց այդ տուրիստական հոսքի զգալի մասը ծագումով հայերն են: Բացի այս հանգամանքից, զբոսաշրջության աճին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը: Եվ ռուսաստանցիների համար տուրիստական աշխարհագրության սահմանափակումը ևս նպաստող գործոն է: Երրորդ գործոնն էլ Հայաստանի զբոսաշրջային առաջարկն է, որն ուրիշ երկրների համեմատ այդքան էլ վատ չէ»,-նշում է Միքայելյանը:

Ըստ տնտեսագետի` նպաստող գործոն է նաև Հայաստանում զբոսաշրջության ենթակառուցվածքների արագ զարգացումը:  Միքայելյանի կարծիքով՝  ռուսաստանցիների նկատմամբ Հայաստանում ատելություն չկա, թեև կան որոշ քաղաքական խմբեր, որոնք դա փորձում են քարոզել, բայց լայն զանգվածների շրջանում ատելությունը չկա, իսկ ուրիշ երկրներում այն տարածված է:

«Եթե այս ամենը գումարենք իրար, ապա կտեսնենք, որ կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու Ռուսաստանից մեծ հոսք կա: Կարող ենք նաև ընդգծել այն, որ առանց միջազգային անձնագրի Ռոուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ, մասնավորապես, հաշվի առնելով, որ ռուսական անձնագրով պետական ապարատի ներկայացուցիչները, օրինակ, ոստիկանության աշխատակիցները, չեն կարող լքել Ռուսաստանը, բայց կարող են գալ Հայաստան, կամ, օրինակ, գնալ Ղազախստան, Բելառուս»,-ասաց նա:

Փորձագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ շատերն էլ եկել են Հայաստան, կիսվել են իրենց դրական փորձով, ինչն էլ նպաստել է նոր զբոսաշրջիկների հոսքին դեպի ՀՀ :

Միքայելյանի խոսքով, իհարկե, սա միայն Ռուսաստանին բնորոշ չէ, բայց եթե մենք դիտարկում ենք եվրոպացիներին, ապա, ռուսաստանցիների համեմատ, իրենց համար հայկական առաջարկն այնքան էլ գրավիչ չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին