Կարևոր իրադարձություններ

«Ավրորայի» հերոսներին նվիրված երգը կկատարի «Գրեմմիի» ներկայացված հայտնի արտիստ Ալոե Բլեքը

30 Ապրիլ, 2024 12:16
«Ավրորայի» հերոսներին նվիրված երգը կկատարի «Գրեմմիի» ներկայացված հայտնի արտիստ Ալոե Բլեքը

«Գրեմմիի» ներկայացված հայտնի արտիստ Ալոե Բլեքը կներկայացնի իր «SHINE» ստեղծագործությունը՝ նվիրված «Ավրորայի» հերոսներին: Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ Լոս Անջելեսում: «Ավրորա» մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) կշնորհվի բացառիկ հերոսի՝ հիմք ընդունելով նրա ցուցաբերած խիզախությունը, նվիրվածությունը եւ ունեցած ազդեցությունը: «SHINE» երգի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այն հերոսներն իրենց համառությամբ եւ խիզախությամբ, որոնք պայքարում են հանուն արդարության եւ մարդկության: Այս նոր ստեղծագործությունը կթողարկվի բոլոր հարթակներում պրեմիերայի կենդանի կատարմանը զուգընթաց՝ 2024 թ. մայիսի 9-ին՝ Կալիֆորնիայի ժամանակով 21:00-ին:   

«Ես միշտ խոր հիացմունք եմ ունեցել նրանց հանդեպ, ովքեր համբերատար հաղթահարել են անմարդկային փորձություններ, ինչպես օրինակ՝ Նելսոն Մանդելան, որն ի վերջո դուրս բերեց իր ժողովրդին խավարից», - ասաց Բլեքը: «Խիզախ մարդիկ, ինչպիսիք են Աբդուլհադի ալ-Խավաջան, Դենիս Մուկվեգեն եւ Նասրին Սոթուդեն, որոնք պատրաստ են իրենց կյանքը վտանգել հանուն ուրիշների, ինձ հույս են տալիս, որ բարին կհաղթի չարին»:

Հարավային Կալիֆորնիայում ծնված Բլեքը երաժշտությամբ է տարվել և սկսել երգեր գրել դեռ վաղ հասակում՝ դառնալով համաշխարհային հիթերի հեղինակ, ինչպիսիք են «I Need a Dollar» և «The Man» երգերը: Նա նաև Ավիչիի հետ համահեղինակել է և ապահովել «Wake Me Up» մեգահիթի վոկալը, որը 22 երկրում գլխավորել է երաժշտական աղյուսակները: Բլեքը երկար ժամանակ զբաղվում է բարեգործությամբ, այժմ, համագործակցելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ, նա ընդլայնում է իր հանձնառությունը սոցիալական խնդիրների հաղթահարման գործում: 

«Երաժշտությունը ողջ մարդկությանը ոգեշնչելու և համախմբելու ուժ ունի: Մենք շնորհակալ ենք Ալոե Բլեքին՝ իր մեծ տաղանդի, «Ավրորայի» հետ համագործակցելու և «SHINE» երգի համար, որը կօգնի մեզ շարունակել ուշադրության կենտրոնում պահել մարդասերների կարեւոր առաքելությունն ամբողջ աշխարհում», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: «Մենք ողջունում ենք Ալոեին իր տաղանդը հանրությանն ի նպաստ բերելու համար և հուսով ենք, որ «SHINE» երգը լսելիս մարդիկ հաղորդակից կլինեն նրա խոսքի ուժին և հույսի ուղերձին»: 

«Բոլոր մարդիկ իրավունք ունեն ուրախության, ապահովության, արժանապատվության և մարդկային վերաբերմունքի: Բոլորս այստեղ ենք, որպեսզի զգանք լավագույնը, որ կարող է տալ կյանքը»,- ասաց Բլեքը: ««SHINE»-ի հետ ես ձեզ եմ փոխանցում նաեւ կարեկցանքի և ոգեշնչման խոսքեր` նպաստելու սոցիալական դրական վերափոխմանը: Հուսով եմ, որ այս երգը կխրախուսի մյուսներին՝ միանալու «Ավրորայի» համաշխարհային մարդասիրական շարժմանը»: 

 

Լրահոս

Դիտել ավելին