Կարևոր իրադարձություններ

Աղքատության ինդեքսում Հայաստանը 75-րդն է. ինչ գործոններով է պայմանավորված. մանրամասնում է միջազգայնագետը

15 Հունիս, 2023 15:51
Աղքատության ինդեքսում Հայաստանը 75-րդն է. ինչ գործոններով է պայմանավորված. մանրամասնում է միջազգայնագետը

Ջոն Հոփքինսի ամերիկյան հետազոտությունների համալսարանը վերջերս հրապարակել էր «2022 թվականի տառապանքի ինդեքս»-ը` «աղքատության ցուցակ»-ը: Ըստ այդմ՝ վերոնշյալ ցուցակում ընդգրկված 157 երկրների շարքում Հայաստանը 75-րդն է:

Զարմանալին այն է, որ Հայաստանից տնտեսապես ավելի հզոր երկրները` Թուրքիան և Ադրբեջանը, զբաղեցնում են ավելի առաջնային դիրքեր` համապատասխանաբար10-րդ և 62-րդ հորիզոնականները:         

Ինչպես Shabat.am–ի հետ զրույցում նշում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, թվային նման հարաբերակցության վրա, մասնավորապես, ազդել է երկու գործոն: Առաջինն այն է, որ Հայաստանում զգալի թափով ավելացել են արտահանման ծավալները դեպի Եվրասիական տնտեսական միություն, որն էլ, միանշանական, դրական ազդեցություն է ունեցել տնտեսական ակտիվության վրա:

«Երկրորդ գործոնն էլ Ռուսաստանից Հայաստան ներգաղթածներն են` ռելոկանտները, որոնց թիվը կազմում է մոտ 300 հազար: Նրանք իրենց հերթին 5-6 մլրդ դոլարի ներհոսք են բերել: Սոցիոլոգիական հարցումների և պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դրա արդյունքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի արժեքը Հայաստանում գրեթե կրկնապատկվել է: Սա իր հերթին հանգեցրել է նրան, որ մեր երկրում նվազել է աղքատության ցուցանիշը և իրականում այստեղ զարմանալու ոչինչ չկա»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ ըստ էության, սրանով և ներկայիս մեր ունեցած տնտեսական ակտիվությամբ պայմանավորված՝ զգալիորեն առաջ ենք անցել Ադրբեջանից, որի արդյունքում էլ սույն պատկերն է. «Սակայն, միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ հաջորդ տարի՝ 2023 թվականի ցուցանիշներով կունենանք նույն արդյունքները, ինչ հիմա: Ըստ իս՝ որոշակի անկում կնկատվի, որովհետև այն ռուս քաղաքացիները, որոնք ներգաղթել էին Հայաստան, աստիճանաբար սկսում են հեռանալ, որն էլ իր հերթին բերելու է տնտեսական ակտիվության որոշակի անկման»:

Բալասանյանի կարծիքով՝ թվային նման ցուցանիշները հնարավոր կլինի պահպանել միայն այն դեպքում, երբ նոր աշխատատեղեր բացվեն, արդյունաբերական ձեռնարկություններ գործարկեն, քայլեր ձեռնարկվեն տնտեսական աճի պահպանման և նոր արդյունքների գրանցման համար:

«Միայն հումանիտար և սոցիալական ծրագրերի իրականացմամբ այս հարցը չի լուծվելու: Անհրաժեշտ են նոր արդյունաբերական ձեռնարկություններ ու հազարավոր նոր աշխատատեղեր: Իրականում այս ամենի հնարավորությունը մենք ունենք, իրացման շուկաների ևս: Մեզ մնում է միայն այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանել, որի պարագայում իրական աշխատողների և հարկ վճարողների թվաքանակը Հայաստանում ևս կավելանա ու սա էլ իր հերթին կտանի նրան, որ մենք կամ կմնանք նույն դիրքում, ինչ հիմա, կամ մի փոքր առաջխաղացում կունենանք»,- ընդգծում է փորձագետը:

Միջազգայնագետի դիտարկմամբ՝ եթե վերլուծությունների ենթարկենք նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ցուցանիշները, ապա կարող ենք նկատել, որ թուրքական տնտեսությունն այսօր սարսափելի ծանր վիճակում է, ու իրենց փոխարժեքն էլ արագորեն արժեզրկվում է:

«Դե իսկ Ադրբեջանի պարագայում էլ, ըստ էության, ամեն բան պարզ է՝ այն նավթադոլարները, որոնք Ալիևը ստանում է նավթի վաճառքից, հասարակ ազգաբնակչությանը չեն հասնում, այլ կուտակվում են Ալիևների ընտանիքի հաշիվներում: Սա նշանակում է, որ այդ գումարները տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենում, որի արդյունքում էլ ժողովրդի աղքատությունը չի նվազում»,- նկատում է Բալասնյանը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին