Կարևոր իրադարձություններ

Դրամի արժևորումը միայն արտաքնապես է նվազեցնում պետական պարտքը. տնտեսագետ

14 Հունիս, 2023 17:30
Դրամի արժևորումը միայն արտաքնապես է նվազեցնում պետական պարտքը. տնտեսագետ

Մասնագետների բնորոշմամբ՝ ՀՀ պետական պարտքը  ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ՝ տոկոսային առումով նկատելիորեն նվազել է, սակայն ասել, որ նման արդյունք կամ միտում կա գումարային մասով ևս, չենք կարող: Ասում են նաև, որ ներքին պարտքը ևս որոշակիորեն աճել է:

Սրան զուգահեռ կան որոշակի խոսակցություններ նաև, որ, եթե պատժամիջոցներ լինեն, ռուսական կապիտալի` Հայաստանում գտնվելը անարդյունավետ կդառնա: Չնայած այ համատեքստում շատ են տեսակետներն ու վերլուծությունները, սակայն մի բան հստակ է, դրամի արժևորումը բոլոր պարագաներում կարևոր է:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, իհարկե, ունենք ՀՆԱ-ի աճ, որով պարտքի նկատմամբ հարաբերակցությունը որոշակիորեն կրճատվել է, սակայն ՀՆԱ-ի աճը առանձին վերցրած իրականում շատ քիչ տեղեկատվություն կարող է մեզ տալ:

«Պետք է նաև նայել, թե դրա կառուցվածքում հատկապես որ ոլորտներն են ընկած եղել և աճ գրանցել: Սրան զուգահեռ, չպետք է մոռանանք, որ ռելոկանտների (ներգաղթածների) մուտքը Հայաստան առկա ցուցանիշների վրա ևս իր ազդեցությունն է ունեցել: Նկատելի է նաև, որ պասիվ շինարարությունը բնակարանային շինարարությունն Է, որը ի տարբերություն արդյունաբերական շինարարության, հետագայում բերելու է միայն գույքահարկի, ինչը չի կարելի դրական համարել»,- նկատում է նա:

Պրոֆեսորի նշմամբ՝ պետք է հաշվի առնենք, որ այս ամենից զատ կա նաև հաջորդ կարևորագույն գործոնը. «Եթե մենք դրամն ամրացնում ենք, պետք է հաշվի առնենք, որ մեր պետական պարտքը հաշվարկված է դոլարային արտարժույթով: Դրամի ամրացման պարագայում ՀՆԱ-ն 17 մլրդ դոլարից կտրուկ դառնում է 21 մլրդ, իսկ պետպարտքը` մնում նույնը կամ էլ լրիվ հակառակ գործընթացին ենթարկվում»:

Վերջինիս հավաստմամբ՝ մեր երկրի համար կարևորագույն ոլորտներից մեկը հենց արտահանումն է, հատկապես պատրաստի արտադրանքի, որի մասնագիտական սխալի դեպքում կարող են լուրջ հետևանքներ լինել, օրինակ, վնաս հասցնել մեր տնտեսությանը:

«Եթե, օրինակ, արտադրում ենք ապրանք, որի արժեքը 1000 դոլար է, որը 480 դրամ փոխարժեքի պարագայում կարող ենք 2 դոլարով վաճառել և արտասահմանում ստանալ մեզ համար շատ հարմար գումար, սակայն այդ նույն ապրանքը 400 և ավելի ցածր փոխարժեքի պարագայում պետք է վաճառենք 2.5 կամ 3 դոլարով, որի հետևանքով մեր առաջարկած ապրանքը դառնում է քիչ մրցունակ: Մեկ այլ օրինակով էլ, եթե Թուրքիայից ապրանք բերվի Հայաստան, ապա այն 480 դրամի փոխարեն կվաճառի 380-ով, պարզ է, որ օտարերկրացի ներկողն այստեղ շահող է դուրս գալիս, դե իսկ Հայաստանն էլ ուզած-չուզած դիմակայում է սույն մրցակությանը: Ստացվում է, որ այսպես հարված է հասցվում թե՛ արտահանմանը, թե՛ ներմուծմանը»,- ընդգծում է տնտեսագետը:

Թավադյանի խոսքով՝ ցավալի է, որ մենք հաճախ շատ հարցերում փորձում ենք միանգամից երկու աթոռի վրա նստել: Այդ նույն իրավիճակը ներկայումս Ռուսաստանի վրա գործող և Հայաստանի վրա հնարավոր պատժամիջոցներն են:

«Պետք է հասկանալ, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և պարտավոր ենք կատարել միության հոդվածներով սահմանված կետերը, որոնց տակ ստորագրել ենք, այսինքն՝ ապահովել մարդկանց և ֆինանսների ազատ տեղաշարժը: Բացի դա, ստեղծված իրավիճակը պետք է բացատրել Արևմուտքին և ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՀՀ-ն սույն միության անդամ է»,- կարևորում է նա:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին