Կարևոր իրադարձություններ

Ռուսական ներդրումներ չունենալու դեպքում՝ երկնիշ տնտեսական անկում կարձանագրվի. տնտեսագետ

11 Մայիս, 2023 17:46
Ռուսական ներդրումներ չունենալու դեպքում՝ երկնիշ տնտեսական անկում կարձանագրվի. տնտեսագետ

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը վերջին եռամսյակում ավելացել է 262 մլն դոլարով: Ըստ մասնագետների՝ այն վերջին 5 տարիների ընթացքում ավելացել է 4 մլրդ դոլարի չափով:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, պետական պարտքի ավելացումը լրիվ նորմալ երևույթ է: Բազմաթիվ երկրներ կան աշխարհում, որոնք ունեն այդ պարտքը, միայն հաշվածներն են այս ցուցակից դուրս:

Իսկ թե ինչով են պայմանավորված այս ցուցանիշներն ու ինչ գործոններ են ազդել պետական պարտքի ավելացմանն, ըստ տնտեսագետի՝ իրական խնդիրը կայանում է դրա չափի և կառավարման մեջ. թե այդ գումարները որ ոլորտներում են ծախսվում, և արդյոք դրանք օգուտ տալիս են տնտեսությանը, թե ոչ:

«Նկատելի է, որ մեր երկրի աղքատության ցուցանիշը ևս ավելացել է՝ կազմելով 26.6 տոկոս և զբաղեցրել ԵԱՏՄ երկրների ցանկում ամենավատ դիրքերը: Նախորդ տարվա տնտեսական աճն էլ պայմանավորված չի եղել պետական պարտքի քաղաքականության հետ: Դրա հիմքում Ռուսաստանից եկած դրամական հոսքերն են եղել: Արտաքին պարտքն այս պարագայում գրեթե նույնն է մնացել, անգամ մի փոքր՝ 50 մլն դոլարի չափով նվազում է նկատվում: Ներքին պարտքն էլ ավելացել է՝ 4.2 մլրդ դոլարից հասնելով 4.5 մլրդ.-ի:

Ըստ Պարսյանի՝ ներքին պարտքի աճը պայմանավորված է 2 գործոններով, մեկը, որ Կառավարությունը մեծ քանակությամբ պետական պարտատոմսեր է թողարկել, մյուսն էլ, որ դրամն արժևորվել է:

Տնտեսագետի խոսքով՝ պետական պարտքի ավելացումն իրենց կարող է ենթադրել գնաճ, եթե կառավարությունն այդ գումարները ծախսի ընթացիկ ծախսերի հիմնավորման վրա.

«Օրինակ, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու և սուբսիդիաներ տրամադրելու դեպքում հնարավոր է նկատվի գնաճ: Հայաստանում պետական պարտքի աճը շատ փոքր ազդեցություն ունի գնաճի վրա:

Մեր գնաճը պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով, այսինքն՝ ներկրվող ապրանքների գների տատանմամբ, ինչպես նաև ներքին գործոններից՝ մենաշնորհներից, գյուղատնտեսության անկմամբ ու պետական կառավարման անարդյունավետությամբ»:

Պարսյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ 2025 թվականին ՀՀ պետական պարտքի սպասարկման համար ամենամեծ գումարներն են հատկացվելու, մոտավորապես՝ 600 մլրդ դրամի չափով: Կառավարությունն իր ներկայիս քաղաքականությամբ փորձում է արդեն իսկ մեղմել 2025թ.-ի գործընթացը:

«Այդ մասով աշխատանքներ են տարվում: Ներքին պարտքի հաշվին՝ փորձում են արտաքին պարտքը որոշակիորեն փոքրացնել: Դրա համար վերանայվում է եկամտային քաղաքականությունը, այսինքն՝ վերջինս լրացուցիչ հարկեր է նախատեսում: Ակնհայտ է, որ Կառավարությունն այս ապագայում նախատեսում է նոր պարտքեր վերցնել, որը ստիպված է լինելու անել»,- նշում է Պարսյանը:

Ըստ տնտեսագետի՝ ներկայիս տնտեսական և հարկային եկամուտների աճն էլ միայն ժամանակավոր երևույթ են.

«Երբ ռուսներն իրենց գումարներով անհետանան, մենք երկնիշ տնտեսական անկում կունենանք: Այդ պարագայում լուրջ խնդիրներ են լինելու նաև պետական եկամուտների մասով, որի համար պետք կլինեն լրացուցիչ պարտքեր կուտակել:

Կառավարությունը հիմա փորձում է այնպես անել, որ երբ ռուսական գործոնը վերանա, կարողանանք պարտք վերցնել»:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին