Կարևոր իրադարձություններ

Ներքին լիցենզիայի բացակայությունը չի նշանակում, որ դրսում լիցենզիա ևս չպետք է ունենալ. տնտեսագետը՝ ալկոհոլի արտահանման լիցենզիայի չեղարկման մասին

27 Ապրիլ, 2023 17:26
Ներքին լիցենզիայի բացակայությունը չի նշանակում, որ դրսում լիցենզիա ևս չպետք է ունենալ. տնտեսագետը՝ ալկոհոլի արտահանման լիցենզիայի չեղարկման մասին

ՀՀ կառավարությունը նախատեսում է չեղարկել ալկոհոլի որոշ տեսակների վաճառքի և ներմուծման լիցենզավորումը: Խոսքը 7 ոլորտների՝ գարեջրի, գինու, խնձորի և այլ մրգային ու հատապտղային գինիների, մեղրի հիման վրա ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև լիկյորի և մինչև 9 տոկոս ալկոհոլ պարունակող այլ ալկոհոլային խմիչքների արտադրության, այդ թվում՝ ավելի քան 100 հազար լիտր ծավալով շշերով կոնյակի ներկրման և իրացման մասին է:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նկատում է տնտեսագետ Արմեն Քթոյանը, հստակ ասել, թե սա ինչպիսի ազդեցություն կունենա տնտեսության վրա, դժվար է: Ի վերջո, ներքին լիցենզիայի բացակայությունը չի նշանակում, որ դրսում լիցենզիա ևս չպետք է ունենալ:

«Ճիշտ է, սա որոշ առումով թեթևացնում է արտադրողների գործը, սակայն կան որոշակի ծավալներ, որոնց արտահանումը խոչընդոտվում է հենց լիցենզիայի լինել չլինելու պատճառով: Համենայնդեպս, բացառված չէ, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա, սակայն չի բացառվում նաև այն, որ վերջինս կմնա չեզոք կարգավիճակում: Նախատեսված փոփոխությունը կարող ենք համարել կարգավորումների որոշակի թեթևացում, քանի որ յուրաքանչյուր լիցենզիա իրենից որոշակի սահմանափակում է ենթադրում և դրա հանումը նշանակում է որոշ չափով ազատություն տալ»,- ասում է նա:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ կարևոր են տնտեսական աշխատանքներն այլ երկրների հետ ևս, քանի որ ամեն շուկա և ամեն երկիր առանձին կարգավորումներ ու խնդիրներ ունի. «Եթե արդյունավետությանը միտված քայլեր ձեռնարկենք, եղած արտադրությունը կդառնա առավել արդյունավետ ու քիչ ծախսատար, որի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ որոշակի առավելություններ արտահանման մասով»:

Քթոյանի խոսքով՝ հայաստանյան արտահանման հիմնական խնդիրը դիվերսիֆիկացիայի ու գիտատարության ցածր մակարդակն է: Ավելացված արժեքը մեզ մոտ ևս ցածր է:

«Սրա փոխման և կարգավորման համար մեզ տևական ժամանակ ու երկարատև աշխատանք է պետք: Դա էլ իրենից ենթադրում է ներդրումներ թե՛ մարդկային կապիտալում, թե՛ տեխնոլոգիաներում»,- կարևորում է նա:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին