Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը մարզերում իրականացրել է աննախադեպ չափերի ուղիղ ներդրումներ. վարչապետ

18 Ապրիլ, 2023 17:06
Կառավարությունը մարզերում իրականացրել է աննախադեպ չափերի ուղիղ ներդրումներ. վարչապետ

Ուզում եմ անդրադառնալ եւս մեկ ցուցանիշի, որն այսօր պիտի հրապարակեմ առաջին անգամ:Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2021-2026 ծրագրի բյուջեի կատարողականը։

«Ասելու կարիք չկա, թե Հայաստանի զարգացման համար ինչքան կարեւոր է տարածքային համաչափ զարգացումը: Եւ 2022 թվականի արդյունքները ամփոփելով՝ արձանագրեմ, որ վերջին հինգ տարվա ընթացքում Կառավարությունը մարզերում իրականացրել է աննախադեպ չափերի ուղիղ ներդրումներ: Պետական բյուջեից մարզերում իրականացված ներդրումները 2022 թվականին կազմել են 145 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 335 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2018-2022 թվականների ընթացքում՝ շուրջ 561 մլրդ ՀՀ դրամ կամ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Սա մարզերին է վերաբերում: Մեր մարզերում այս ծավալի ներդրումներ չեն իրականացվել ոչ միայն նախորդող որեւէ հնգամյակում, այլեւ նախորդող որեւէ տասնամյակում, նույնիսկ տասնհինգամյակում՝ հնարավոր է: Այս ծրագրերով կառուցվել եւ նորոգվել են ջրագծեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, անցկացվել է լուսավորություն, կառուցվել, նորոգվել կամ հիմնանորոգվել են ավտոճանապարհներ:

Մյուս կողմից, պիտի արձանագրեմ, որ վերջին հինգ տարիներին միայն սուբվենցիոն ծրագրերով Կառավարությունը շուրջ 52 մլրդ ՀՀ դրամի կամ 112 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է արել մարզերում, եւ այս թիվը չի ներառում սուբվենցիոն ծրագրերում համայնքների ներդրման չափաբաժինը: Այսինքն՝ 2018-2022 թվականներին՝ մարզերում ավելի քան 100 մլրդ ՀՀ դրամի կամ 240 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվել միայն սուբվենցիոն ծրագրերով»,-ընդգծել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին