Կարևոր իրադարձություններ

Հարություն Խաչատրյանի կինոն փշրում է կաղապարները. այսօր ռեժիսորի ծննդյան օրն է

09 Հունվար, 2023 12:08
Հարություն Խաչատրյանի կինոն փշրում է կաղապարները. այսօր ռեժիսորի ծննդյան օրն է

Այսօր կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծննդյան օրն է: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինոգործիչների միության ֆեյսբուքյան էջից։

Շնորհավորում ենք ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ՝ մաղթելով ամուր առողջություն, ստեղծագործական նոր ձեռնարկումներ ԻՐ ԿԻՆՈՅԻ շարունակական ընթացք:

ԻՍԿ ՎԱՂԸ, ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ, ԺԱՄԸ 19:00-ԻՆ, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃՈՒՄ (մուտքը՝ Խանջյան փողոցից), կայանալու է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆՈՐ՝ «ՆԿԱՐՉԻ ԵՐԵՔ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ» ֆիլմի ցուցադրությունը:

Մուտքը՝ հրավիրատոմսերով: (Մանրամասների համար զանգահարել՝ 094 86 55 77):

Այս ֆիլմը գալիս է ամբողջացնելու կամ գուցե մաս կազմելու կինոռեժիսորի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» կինոշարքի: Համենայնդեպս, այդ շարքի երրորդ պատումն է, որ շարունակում է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ կինոռեժիսորի՝ մարդկային ճակատագրեր հետազոտելու, մարդ երևույթի ներաշխարհը երևակելու, մարդկային հոգու, մարդու տիեզերական աշխարհի խորքերը թափանցելու կինոպեղումը:

Այս ֆիլմը, որ նկարահանվել է 35 տարի շարունակ, երևանյան մի նկարչի մասին է՝ Վահան Անանյան տաղանդավոր ու բացառիկ երևույթի, որին ճակատագիրը տարավ իր քմահաճույքների միջով, որի կյանքն ու մահը առեղծվածային իրադարձությունների շղթաներ են, որոնք կապվում են երեք կյանքերի ու երեք մահերի, երեք գերեզմանների խորհրդավորության շղթայով:

Միստիկ մի բան կա Վահան Անանյանի կյանքում, միստիկ մի խորհրդավորություն կա ֆիլմում, որը հուզում է, որը քաշում է հանդիսատեսին դեպի Վահանի մտորումների, խոհերի, արկածների հորձանուտը ու լարվածության մեջ պահում ողջ ֆիլմի ընթացքում ու ֆիլմից հետո՝ դեռ երկար ժամանակ:

Ինչպես միշտ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կինոն չի տալիս հարցերի պատասխաններ, չի տալիս կյանքն ապրելու դեղատոմսեր, չի ձևում կաղապարներ, այլ փշրում է կաղապարները, առաջ է բերում հարցեր, հարցադրումներ, որոնք մտածելու համար են ու մտածելու՝ մնացած ողջ կյանքի համար:

Հիշեցնենք, որ երեկ ավտովթարի հետևանքով ռեժիսոր Հարություն Խաչատրյանը տեղափոխվել էր հիվանդանոց։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին