Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք շոուի հատուկ հյուրն է Ռոզա Լինը:
Միջանկյալ ակտերից մեկում «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած SNAP-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլի» պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը Spotify-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրում:
«Շատ ուրախ եմ ելույթ ունենալ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում: Ինձ համար չափազանց կարևոր է, որ մանկական երգի տոնն անցկացվում է իմ հայրենիքում: Երջանիկ եմ վերադառնալ եվրատեսիլյան մեծ ընտանիք»,- նշում է Ռոզա Լինը:
Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր նաև աշխարհահռչակ The Late Late Show with James Corden հաղորդմանը և կատարել SNAP-ը հայկական մոտիվներով:
«Մանկական Եվրատեսիլի» բեմում ևս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով:
Հանդիսատեսը սպասում է նաև «Քամի-քամի» հիթի կատարող Մալենային: Նրա ելույթը ևս նախատեսված է միջանկյալ ակտում.
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը ներկայանալու է նոր երգով:
Can’t feel anything երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, տեքստինը՝ Մալենան և Ռոզա Լինը:
Շուտով տեղի կունենա նաև տեսահոլովակի պրեմիերան: