«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մինչ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, Թուրքիան և Ադրբեջանը շտապում են օգտվել Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առաջացած լարվածությունից։ Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Անկարան ու Բաքուն ոչ միայն ձգտում են արտաքին քաղաքական միավորներ հավաքել, այլև կոնկրետ տնտեսական ձեռքբերումներ ունենալ, որը ցանկացած պահի կարող է դառնալ նաև քաղաքական ազդեցության լծակ։
Եվ այս տեսանկյունից Եվրոպայի երկրների կողմից ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը նոր հնարավորություններ է բացում Անկարայի և Բաքվի համար։ Եթե խաթարվում է եվրոպական երկրների տարածքով կամ Բալթիկ ծովով ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա, ապա Ռուսաստանը ձգտում է իր էներգետիկ մատակարարումներն ուղղել դեպի ասիական պետություններ, իսկ եվրոպական ուղղությամբ մատակարարումների վեկտորը վերաուղղել դեպի հարավ և այն իրականացնել Թուրքիայի տարածքով։
Թերևս դա էր պատճառը, որ այս անգամ ռուսական կողմից նախաձեռնություն է առաջ քաշվել Թուրքիան գազային հանգույցի վերածելու վերաբերյալ։ Իսկ այս պայմաններում, իրավիճակից օգտվելով, Թուրքիան փորձում է գազի զեղչ պոկել Ռուսաստանից կամ էլ վճարումների հետաձգման մասին համաձայնություն ձեռք բերել։ Միաժամանակ, եթե թուրքական գազային հանգույցն իրականություն է դառնում, ապա եվրոպական երկրները հետագայում էներգակիրներ ստանալու մասով կախվածության մեջ են հայտնվելու Թուրքիայից, իսկ այդ երկիրը լրացուցիչ շահույթներ է ստանալու՝ չունենալով էներգակիրների անհրաժեշտ պաշարներ և ընդամենը տրանզիտի դեր կատարելով։
Եվ այստեղ է, որ հարց է ծագում՝ ավելի նպատակահարմար չի՞ լինի Եվրոպայի համար առանց միջնորդ պետության գազ ձեռք բերել անմիջականորեն Ռուսաստանից, օրինակ՝ Բալթիկ ծովով, քան Թուրքիայի միջոցով այն ստանալ՝ սնուցելով այդ երկրի տնտեսությունը։ Առանց այն էլ, բացի ռուսական գազից, Թուրքիայով Եվրոպա է մատակարարվում նաև ադրբեջանական գազը։ Իսկ Եվրամիությունը գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու անվան տակ սկսել է իր ուշադրությունը հառել Բաքվի ուղղությամբ»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: