Կարևոր իրադարձություններ

30 տարի ընտանիքն սպասում է պատերազմում անհետ կորած Գուրգենին. «Փաստ»

01 Հոկտեմբեր, 2022 09:17
30 տարի ընտանիքն սպասում է պատերազմում անհետ կորած Գուրգենին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պատերազմ կոչվող արհավիրքն իր հետ մարդկային բազմաթիվ կորուստներ է բերում, բայց շատ մարդկանց ճակատագրեր այդպես էլ անհայտ են մնում: Չենք իմանում՝ եթե զոհվել են, ինչպե՞ս, եթե ողջ են, ապա ո՞ւր են: Գուրգեն Չիլինգարյանն անհետ կորել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, նրա պատմությանը ծանոթանալու առիթ դարձավ Վեդի քաղաքում բացված հուշաղբյուրը. Գուրգենին տանը սպասում են ուղիղ 30 տարի: «Փաստը» հայրիկի, կարոտի ու սպասման մասին զրուցել է նրա դստեր՝ Արմինեի հետ:

«Հայրիկս ծնունդով Արցախից է՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղից: Տատիկիս և պապիկիս գերեզմաններն այժմ թշնամու ձեռքում են, ինչպես Հադրութի ամբողջ շրջանը, սա մեզ համար անասելի ցավ է»,-ասում է Արմինեն:

Գուրգենը բավականին երիտասարդ տարիքում Արցախից տեղափոխվում է Հայաստան, ընտանիք կազմում: «1988 թ.-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մասնակցում էր դրան, նրա մեջ ուղղակի եռում էր արցախցու արյունը: Ասում էր՝ եթե ես չգնամ, ո՞վ պետք է գնա: Հայրիկիս անընդհատ զինվորական համազգեստով եմ հիշում: 1992 թվականն էր, սեպտեմբերի 13-ը: Չկային բջջային հեռախոսներ, տան հեռախոսին զանգեցին: Ազատամարտիկ Հռիփսիմեն էր, ասաց՝ արի զինկոմիսարիատ, գնում ենք: Մինչ պապաս գնաց ու վերադարձավ, մայրիկս արդեն իր ուսապարկը պատրաստել էր բոլոր անհրաժեշտ իրերով: Բավականին ուշ ժամ էր, երեք երեխա ենք՝ ես և երկու եղբայրներս, արթնացել էինք, պապաս մամայիս ասաց՝ մեկ է, հետ չեմ գալու: Հետո ենք հասկացել, որ ամեն ինչ բավականին լուրջ էր: Այդ օրը մեզ համար ճակատագրական էր»,-վերհիշում է զրուցակիցս:

Բայց երևի թե ամեն ինչ փոխվեց սեպտեմբերի 28-ին, փոխվեց անվերադարձ: «Դպրոցից վերադարձա տուն, տեսա մեր բակում մեծ թվով մարդիկ են հավաքվել: Երեխա էինք, բայց հստակ գիտեինք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, անընդհատ կռվի մասին էինք լսում: Ինձ չթողեցին տուն մտնել, մեկ ամիս մեր հարևանուհին ինձ իր տանն է պահել, իհարկե, մոտավոր հասկանում էի, թե ինչ է կատարվում: Երբ տուն եկա, մայրիկիս չճանաչեցի՝ սպիտակել էր, չէր խոսում, ոչինչ չէր անում»,-ասում է նա:

Հետո արդեն երկար փնտրտուքներ, Կարմիր խաչը սկսում է իր գործողությունները, սպասողական վիճակը ձգվում է 30 տարի, Արմինեն ասում է՝ հորից միայն իր զենքը վերադարձավ: «Հետաքրքիր է, բայց պապաս այդ օրն ուրիշի տեղն էր «մնացել»: Վեդի քաղաքի ջոկատն ուրիշ էր, գյուղերինն՝ ուրիշ: Վանաշեն գյուղից մեկն ասել էր՝ կարո՞ղ ես իմ տեղը մնալ, հենց այդ գիշերը հարձակում էր եղել: 1992 թ.-ի սեպտեմբերի 28-ին Լաչինի միջանցքում ընկել են շրջափակման մեջ, ու իր ճակատագիրը մեզ համար մինչ օրս անհայտ է: Էլի սեպտեմբեր: Մեկ-մեկ ասում եմ՝ սեպտեմբերը կարելի է սև օղակի մեջ առնել»,-նշում է դուստրը:

Ասում է՝ տարբեր վարկածներ են շրջանառվել, մեկն ասել է, թե ոտքից վիրավոր է եղել, օգնություն է կանչել, մյուսը՝ տեսել ենք, իրեն բռնել ու տարել են: «Մայրիկս հույսը չի կորցրել, մենք էլ իր հետ: Մինչ ամուսնանալս՝ երբ մեր հայրական տան դուռը բացվում էր, և մարդ էր ներս գալիս, մտածում էի՝ հիմա իրենց հետևից պապաս ներս է գալու: 30 տարվա մեջ իրեն մեկ անգամ երազումս տեսել եմ, մեր բակում էր: Զգացողությունը հիմա էլ կա, որ գալու է: Մարդուն ամենամեծ ուժ տվողն այդ հույսն է, մայրիկս հույսը չի կորցնում: Եթե այդ հույսը չունենար, ուղղակի կխելագարվեր: Մի ժամանակ ասում էի՝ երբ պապաս դառնա 65 տարեկան, վերադառնալու է: Չգիտեմ էլ, թե որտեղից էի այդ տարիքը վերցրել: Հիմա 63 տարեկան է»,-հավելում է Արմինեն:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին