Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հայտնաբերվել են օմիկրոնի նոր ենթատեսակներ. ի՞նչ սահմանափակումներ կլինեն

15 Հուլիս, 2022 16:50
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Հայաստանում հայտնաբերվել են օմիկրոնի նոր ենթատեսակներ. ի՞նչ սահմանափակումներ կլինեն

Վերջին շրջանում սկսել են ակտիվորեն տարածվել կորոնավիրուսի նոր շտամները՝ օմիկրոնի BA.4 և BA.5 ենթատեսակները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` հունիսի վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում աճել է 18%-ով. գրանցվել է ավելի քան 4 միլիոն նոր դեպք։

«Վերջին 14 օրվա կտրվածքով նախորդ ժամանակաշրջանի համեմատ մենք ունենք կորոնավիրուսի թվերի բավականին զգալի աճ: Դեպքերի թիվն ավելացել է 2.6 անգամ: Ունենք նաև գործակից, որով կանխատեսում ենք հետագա ընթացքը, այդ գործակիցը ևս բավականին բարձր է, և սպասում ենք, որ շարունակական աճ կլինի»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը` հորդորելով պահպանել անվտանգության կանոնները.

«Բնակչությանը հորդորում ենք փակ տարածքներում, երթուղայիններում, կրեն դիմակներ, խուսափեն մասսայական միջոցառումներից ու հանդիպումներից, էդպիսիք լինելու դեպքում 1,5 մետր հեռավորություն պահպանել: Կարևոր է նաև անձնական հիգիենայի պահպանումը`ձեռքերի լվացում, ախտահանում, փակ տարածքների, շինությունների լավ օդափոխություն»:

«ՀՀ-ում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է BA.4 և BA.2 ենթատեսակները, հետազոտությունները շարունակական ընթացքի մեջ են»,-ասաց բժիշկ-համաճարակաբանը`նշելով, որ վարակվածների հստակ թիվ չի կարող ասել, քանի որ հետազոտությունները շարունակվում են, ավելի ընդգրկուն տվյալներ կկարողանան ասել ավելի ուշ:

Հարցին, թե ինչով է տարբերվում նոր շտամը նախորդից, Ներսես Գրիգորյանի խոսքով հիմնական ախտանշանները շատ չեն տարբերվում. կոկորդի ու մկանային ցավեր, ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, համ ու հոտի կորուստ կամ փոփոխություն: Ախտանշաններ ունեցողներին մասնագետը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բուժհաստատություն, շուտ կանխարգելեն բարդությունները:

Նոր շտամի ամենաարտահայտիչ ախտանշաններից մեկը՝ առատ քրտնարտադրությունն է: Խոսքը անսովոր քրտնարտադրության մասին է. եթե չեք շոգում, բայց ունեք հանկարծակի քրտնարտադրություն կամ հով տեղում եք ու շոգում եք:

Մասնագետի փոխանցմամբ` կորոնավիրուսից բավականին երկար ժամանակ մահվան դեպքեր չենք ունենում, հիմնականում թեթև ձևերն են տարածված: Ինչպես ԱՀԿ-ում, մեր հանրապետությունում ևս հետագա գործողությունների, միջոցառումների վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում:

Առողջապահոււթյան համաշխարհային կազմակերխությունը, ելնելով իրավիճակից, առաջարկում է նորից վերդառնալ դիմակներ կրելուն, փակ տարածքների օդափոխման կազմակերպմանը, թեստավորման ակտիվացմանը:

«Նույնը նաև մենք ենք հորդորում: Շատ թեստավորովեն, շուտ հայտնաբերվեն հիվանդները, որ շուտ բուժում ստանան»,-նշում է Ներսես Գրիգորյանը` ավելացնելով.

«Չպատվաստված անձանց խորհուրդ ենք տալիս անպայման պատվաստվեն, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց, պատվաստանյութերը հիմնականում նախատեսված են նրա համար, որպեսզի ծանր դեպքեր քիչ լինեն: Պատվաստումներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել: Խորհուրդ ենք տալիս պատվաստվել, եթե հանկարծ վարակվեն, ծանր ընթացք չունենան»:

 Հարցին, հնարավոր է վերադառնանք նախորդ տարիների խիստ սահմանափակումներին, բժիշկ-համաճարակաբանը չբացառեց.

«Այս հարցը նույնպես քննարկվում է, չի բացառվում, եթե իրավիճակը շարունակական վատանա, համաճարակային վիճակը խանգարի բնականոն կյանքին, ինչպես նախորդ տարիներին էր, դիտարկվում է: Կախված իրավիճակից` հնարավոր է: Պարտադիր չէ, որ նույն խստացումները լինեն, բայց հնարավոր է, եթե մենք ունենաք 20-21 թվականի վիճակը, այդ դեպքում համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն»,-զրույցը եզրափակեց ԱՆ պաշտոնյան:

ԱՀԿ տվյալների համաձայն՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ վարակակիրների թիվն աճել է 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։

Եվրահանձնաժողովը Եվրամիության բոլոր երկրներին կոչ Է արել սկսել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց:  

 

Լրահոս

Դիտել ավելին