Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանը գալիս է, որպեսզի Հայաստանը դույզն ինչ չշեղվի պրոռուսական ուղուց. Աղասի Ենոքյան

18 Հոկտեմբեր, 2015 14:40
Արա Աբրահամյանը գալիս է, որպեսզի Հայաստանը դույզն ինչ չշեղվի պրոռուսական ուղուց. Աղասի Ենոքյան

 

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբարհամյանի` ՀՀ քաղաքական դաշտ մտնելու հայտարարությանը, ինչպես նաև հարցին, թե ում կողմից է դա ղեկավարվում և ինչ նպատակով:  Հարցին, թե ինչու Արա Աբրահամյանը դեռ չգիտի` նոր կուսակցոuթյո՞ւն է բացելու, թե հին որևէ կուսակցության հետ կմասնակցի 2017-ի ընտրական պրոցեսներին, նա պատասխանեց. «Նա սպասում է՝ տեսնի, թե ինչքան կլինեն ռուսական կողմի ներդրումները և ինչքան փող ինքը պետք է ծախսի, որ նավազագույն գումարներով կատարի իր առաջ դրված խնդիրները: Դրա համար է, որ դեռ չգիտի, թե ինչ ֆորմատով կլինի»:

 

-Պարո՛ն Ենոքյան, Արա Աբրահամյանի` 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն  քաղաքագետների մի մասը որակեց, որ նա պարզապես մասնակցում է, որ Ռուսաստանի թեկնածուն չէ` հիմնավորմամբ, որ երկրներում, որտեղ չկան ընդգծված «մայդաններ» ռուսական իշխանությունները միայն քվեարկությունից առաջ են սկսում ուշադիր  հետևել ընտրական պրոցեսներին: Մի մասն էլ նշեց, որ սա միանշանակ ռուսական քվոտա է` հիմնավորմամբ, թե ինչու ՀՀ քաղաքական դաշտ մտնում` «Պուտինի անունը շուրթերին»: Ձեր կարծիքը:

 

- Առաջին հերթին Արա Աբրահամյանը Հայաստան է գալիս որպես Սերժ Սարգսյանի համար զսպաշապիկ: Այսինքն` այն դերը, որն առաջ կատարում էր Գագիկ Ծառուկյանի  կուսակցությունը և նրա շուրջ ձևավորված ալյանսը, հիմա պետք է կատարի Արա Աբրահամյանը: Ամբողջ խնդիրն այն է, որ հանկարծ թույլ չտան, որ Հայաստանի իշխանությունները դույզն ինչ շեղվեն պրոռուսական ուղուց, որովհետև իրենց գլխին կլինի դագանակ` պրոռուսական ուժերի տեսքով, որոնք նման սցենարների դեպքում կարող են փոխարինել իշխանություններին:

 

-Իսկ ինչո՞ւ է այդ նախագիծն այդքան անխնամ, վերջին պահին: Ի վերջո, 2017-ի ընտրություններին արդեն շատ քիչ ժամանակ է մնում, գումարած այն, որ այդ կուսակցությունը նաև կայանալու խնդիր ունի:

 

- Ռուսները միշտ էլ փնթի են աշխատում և միշտ աշխատում են ընտրել հնարավորինս ավելի կոմիկական դեմքերի: Հիշում եք` Գագիկ Ծառուկյանն էր նախորդ անգամ, հիմա` Արա Աբրահամյանը, չեմ բացառում, որ նման դեպքեր էլի կլինեն:

 

-Նաև Արա Աբրահամյանն ասել էր` չգիտի` նոր կուսակցություն է ստեղծելու, թե արդեն գործող ինչ-որ կուսակցությունով է ուզում մտնել խորհրդարան;


-Նա սպասում է, տեսնի, թե ինչքան կլինեն ռուսական կողմի ներդրումները և ինչքան փող ինքը պետք է ծախսի, որ նավազագույն գումարներով կատարի իր առաջ դրված խնդիրները: Դրա համար է, որ դեռ չգիտի, թե ինչ ֆորմատով կլինի:

 

-Բայց  չէ՞ որ ակնհայտ է, որ օրենսդրության և Սահմանադրության հետ խնդիրներ են լինելու, որովհետև Արա Աբրահամյանը ՀՀ քաղաքացի չէ: Հիմա, որքան էլ ասի`250-300 իրավաբանների հանձնարարել եմ գտնել լուծումներ: Ի՞նչ լուծում կարող է գտնվել:

 

-Լուծումները, ինչպես Օստապ Բենդերն էր ասում` դրա համար կա 400 քիչ թե շատ եղանակ: Լուծումներ միշտ էլ կգտնվեն: Կարևորն այն է, թե ինչ քաղաքական  խնդիրներ են դրված: Այսինքն` պարտադիր չէ, որ ինքն անձամբ ներկայացված լինի, բայց կարևորն այն է, որ ինքն է այդ դագանակը:

 

-Դեմքերի պակաս չի՞ լինելու այդ կուսակցությունում, քանի որ նման ճգնաժամ կա Հայաստանում, գումարած այդ կուսակցության գաղափարախոսությունը:

 

-Դեմքերը բոլորն էլ հավասարաչափ ապականված են, նրանցից վերցնելու են, փորձեն մաքրել.ինչպես տեսել ենք բազմիցս… չգիտեմ` ազգային բարերար, համաշխարհային փիլիսոփա, որովհետև նոր դեմքեր գտնելը հիմա դժվար կլինի: Եվ ռուսներն էլ դժվար թե նոր դեմքեր մտցնեն քաղաքականության մեջ: Արդեն Արա Աբրահամյանը հերիք է:

 

Լրահոս

Դիտել ավելին