Կարևոր իրադարձություններ

Գյումրիում խրախուսվել են ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շիրակցի զինծառայողները

16 Հոկտեմբեր, 2015 22:18
Գյումրիում խրախուսվել են ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շիրակցի զինծառայողները

Գյումրիում խրախուսվել են ՀՀ հարավ-արևելյան սահմանի անվտանգությունը հսկող ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի շիրակցի զինծառայողները:

Ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով, 21 ժամկետային զինծառայող հոկտեմբերի 16-ին հնարավորություն է ստացել Գյումրիում հանդիպելու ծնողներին և հարազատներին:

Կազմակերպված միջոցառման ընթացքում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նվերներ են հանձնել ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին: 4-րդ բանակային կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ` լավ ծառայության համար շնորհակալագրեր են հանձնվելն զինվորների ծնողներին:

Իրենց զավակներին տեսակցելու հնարավորությունը բարձր են գնահատել նաև զինվորների ծնողները: Հուրախություն զինվորների ու նրանց ծնողների՝ 5-օրյա արձակուրդը Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի խնդրանքով` հրամանատարության կողմից ավելացվել է ևս 3 օրով։

«Շնորհակալ ենք այս նախաձեռնության համար: Ծնողների հետ հանդիպելու այս հնարավորությունն ամենամեծ նվերն է: Այս խրախուսանքն ավելի է պարտավորեցնում՝ էլ ավելի լավ ծառայելու: Վերադառնալով զորամաս՝ ես էլ ավելի լավ ու բարեխղճորեն եմ ծառայելու»,- «Արմենպրես»-ին վստահեցրել է արդեն 10 ամիս պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնող Տիգրան Պետրոսյանը:

Իր առաջնորդական խոսքով բոլորին դիմել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը. «Շատ ուրախալի է, որ պարբերաբար այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում՝ հնարավորություն տալով խրախուսել լավ ծառայած, իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ ազնվորեն կատարած զինվորներին: Հայրենիքը սկսվում է զինվորից՝ ամեն մի զինվորից: Զինվոր` նշանակում է տղամարդ, և ամեն մի տղա պետք է մեծանա զինվոր դառնալու երազանքով: Ես ուրախ եմ, որ մեր ժողովրդի զավակները հիմնականում նվիրումով գնում ու ծառայում են: Իրենց որդիներին ծառայության ուղարկած ծնողները պետք է հպարտ լինեն, որ իրենք ունեն առյուծ զավակներ: Մեր երկիրն այնպիսի պայմաններում է գտնվում, որ մենք` յուրաքանչյուրս, պարտավոր ենք լինել զինվոր: Խաղաղության գրավականը զինվորի գոյությունն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին