Կարևոր իրադարձություններ

Գյումրու ավագանին դրամական օգնություն կտրամադրի սահմանամերձ շրջաններում վիրավորված 3 զինծառայողի

15 Հոկտեմբեր, 2015 18:31
Գյումրու ավագանին դրամական օգնություն կտրամադրի սահմանամերձ շրջաններում վիրավորված 3 զինծառայողի

Գյումրու զինվորական կոմիսարիատից զորակոչված և 2015 թվականի սեպտեմբերին սահմանամերձ շրջաններում հակառակորդի գնդակից վիրավորված 3 զինծառայողների ընտանիքներին որպես օգնություն կհատկացվի 300 հազարական դրամ:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին որոշումն ընդունվել է Գյումրու ավագանու` հոկտեմբերի 15-ին կայացած նիստում:

Ավագանու նիստում ներառված օրակարգային 16 հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին: Նիստում ավագանին որոշեց Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին հատկացնել 3 մլն դրամ գումար` թատրոնի 150-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման և վաստակաշատ դերասաններին պարգևատրելու համար:

Ավագանին նաև վավերացրեց Շիրակի մարզի Գյումրի և ՌԴ Կուրսկի շրջանների միջև 2015 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված համագործակցության մասին արձանագրությունը:

Ավագանու մեկ այլ որոշմամբ` Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոցի կառույցներից մեկը՝ Գյումրու կենտրոնական զբոսայգում՝ Շչորսի 1 հասցեում գտնվող հին թատրոնի շենքը, որը հիմնադրվել էր որպես ժողովրդական տուն, համայնքի կողմից կնվիրաբերվի «Սիմոնյան» կրթական համալիրին:


Սա այն նույն կառույցն է, որտեղ 1912 թվականին առաջին անգամ բեմադրվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ 2011 թվականի օգոստոսից Երևանում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը« իսկ արդեն 2015 թվականից սեպտեմբերի 7-ից ուսումնական այս նորարար կենտրոնը Գյումրիում իր դռներն է բացել 12-18 տարեկան ավելի քան հազար սանի առջև:


Օրակարգային բոլոր հարցերը հաստատվեցին առանց քննարկման ու կարծիքների արտահայտման, այս համատեքստում քաղաքապետը հորդորեց ավագանու անդամներին լինել ավելի ակտիվ, բայց ոչ թե կարծիքներ արտահայտելու, այլ չբացակայելու առումով, քանի որ նիստում շատ էին ավագանու բացակայող անդամները:

 

Լրահոս

Դիտել ավելին