Կարևոր իրադարձություններ

Ներկայացվել է ՀՀ ԶՈւ նոր զրահաբաճկոնը. ավելի թեթև, հարմարավետ (լուսանկարներ)

31 Մարտ, 2018 21:08
Ներկայացվել է ՀՀ ԶՈւ նոր զրահաբաճկոնը. ավելի թեթև, հարմարավետ (լուսանկարներ)

Մարտի 29-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկել էր «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին 34 հայկական և 14 երկրի ավելի քան 30 կազմակերպություններ։ Ցուցահանդեսին ներկայացված էին հետախուզության, հայտնաբերման, տեսադիտարկման, ճնշման, խոցման, խափանման, կրակի կառավարման ավտոմատացված համակարգեր, բազմաֆունկցիոնալ ռոբոտներ, հատուկ նշանակության խմբերի համար նախատեսված սպառազինության տարրեր և այլ զինտեխնիկա, որոնց կանդրադառնանք շուտով։

Հատկանշական է, որ հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» ընկերությունը ներկայացրել է հայկական բանակի համար նախատեսված զրահաբաճկոնի նոր մոդելը, որը շուտով պետք է մտնի կիրառման մեջ։ Նոր մոդելը, ի տարբերություն այժմ կիրառվող մոդելի, ավելի թեթև է, որը կմեծացնի զորքերի մոբիլությունը, դարձել է ավելի հարմարավետ և հեշտ կիրառելի, քանի որ բաղկացած է 5 մասից, ինչը ընկերության ներկայացուցչի խոսքով, հնարավորություն կտա, եթե անգամ որևէ հատվածը վնասվի, արագ փոխարինել և կրկին կիրառել։ Ի տարբերություն այժմյան մոդելի ավելացվել է օձիք, որը հատկապես բարձր լեռնային տեղադրություն ունեցող դիրքերում կլինի կիրառական։

Բարելավվել է նաև զրահաբաճկոնի ներքին մակերեսը։ Տեղադրվել է մի քանի շերտից բաղկացած ցանցային շնչող մակերես, որը ինչպես կավելացնի դյուրակրությունը, այնպես էլ շոգ եղանակային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնողների համար, կստեղծի ավելի հարմարավետ պայմաններ։ Զրահաբաճկոնի դիմային հատվածում տեղակայված պահեստատուփերը և նռնակները կրելու համար գրպանիկները տեղափոխվել են կողային մաս, որը ավելի է հարմարեցվել պառկած կրակ վարելու համար։ Փահեստատուփերի համար նախատեսված գրպանիկների կառուցվածքի փոփոխության արդյունքում, այժմ զինծառայողները իրենց հետ կարող են կրել նախկին 3-ի փոխարեն, արդեն 4 պահեստատուփ։

Կատարվել է փոփոխություն նաև ուսերի հատվածում․ դառնալով ավելի հաստ և փափուկ, զրահաբաճկոնը «զենքը ուսին» դիրքում զինծառայողների համար կստեղծի առավել հարմարավետ պայմաններ։

 

Լրահոս

Դիտել ավելին