Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանին փոխնախարարի պաշտոն կտա. «ՀԺ»

12 Ապրիլ, 2017 08:56
Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանին փոխնախարարի պաշտոն կտա. «ՀԺ»

Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված եւ ԱԺ չանցած Մարտուն Գրիգորյանին Սերժ Սարգսյանը պաշտոն է տալիս: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացնում են ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրները: Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանը առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունում կզբաղեցնի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը: Ի դեպ, հիշեցնենք, որ մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը Գրիգորյանը Գյումրի էր հրավիրել տրանսպորտի նախարարին եւ քննարկել էին ոլորտի մի շարք խնդիրներ: Ավելացնենք նաեւ, որ Գրիգորյանի ընտանիքին է պատկանում «Տրանս Ակնթարթ» ուղեւորափոխադրող ընկերությունը:

Սրան զուգահեռ՝ խոսվում է, որ ՀՀԿ-ում հաշվի են առնելու նաեւ այն հանգամանքը, որ Մարտուն Գրիգորյանը երկար տարիներ զբաղեցրել է Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ չի բացառվում, որ նշանակվի գյուղատնտեսության փոխնախարար:

Այս տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել Մարտուն Գրիգորյանի մամուլի խոսնակից: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գրիգորյանի խոսնակ Լիզա Գասպարյանը նշեց, որ այս պահին դեռ ոչ մի տեղեկություն չի կարող հաստատել եւ հերքել: Գասպարյանն ավելացրեց, որ Մարտուն Գրիգորյանն առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ:

Անդրադառնալով 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրության արդյունքներին նշենք, որ Գրիգորյանը ստացել էր 10 հազար 700 քվե: Նա մարզում 5-րդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է:

Սույն ընտրատարածքում ամենաշատ ձայները հավաքել էր ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ 14 510, 2-րդը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Վարդեւան Գրիգորյանն է՝ 14 312 ձայնով, այնուհետեւ նույն կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 452 ձայնով եւ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 11 796 ձայնով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին