Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կազան քաղաքի պատվիրակության հետ

10 Հոկտեմբեր, 2015 11:47
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կազան քաղաքի պատվիրակության հետ

 

 

«Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Կազանի քաղաքապետի տեղակալ Եվգենիա Լոդվիգովան հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Առանձնակի կարևորելով գործընկեր քաղաքների՝ տոնին մասնակցելու պատրաստակամությունը, քաղաքապետը նկատել է, որ Երևանի օրվան նվիրված տոնակատարությունը դարձել է նաև մայրաքաղաքի հյուրերի սիրված տոներից մեկը:

«Թե՛ հաճելի և թե՛ պարտավորեցնող է, որ Երևանի ծննդյան տոնը ոչ միայն մեր համաքաղաքացիների համար է սպասված, այլև մեր քաղաք այցելած հազարավոր հյուրերի: Ու հատկանշական է, որ տարեցտարի ավելանում է տոնի առիթով Երևան այցելող ոչ միայն պաշտոնական պատվիրակությունների, այլ նաև զբոսաշրջիկների թիվը, ինչը լավագույնս փաստում է, որ մեր քաղաքի ջերմությունն իսկապես գերող է: Եվ մենք անում ենք հնարավորը, որ մեր հյուրերին լավագույնս ներկայացնենք մեր հնամենի մայրաքաղաքի հազարամյակների պատմությունն ու հարուստ մշակույթը: Համոզված եմ՝ Երևանի ջերմությունը կփոխանցվի նաև Ձեզ, ու Դուք ևս լավ հիշողություններ կտանեք մեր քաղաքից»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Կազանի քաղաքապետի տեղակալ Եվգենիա Լոդվիգովան նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի տոնի առթիվ և քաղաքի տոնական ձևավորման հետ կապված իր տպավորություններն է փոխանցել՝ նշելով, որ արդեն իսկ հասցրել է տեսնել և զգալ Երևանի տոնական շունչն ու ջերմությունը:

«Պարոն քաղաքապետ, մեզ համար նույնպես անչափ հաճելի է ներկա գտնվել մի քաղաքի ծննդյան տարեդարձին, որը շուրջ 3000-ամյա պատմություն ունի: Քիչ մայրաքաղաքներ կան աշխարհում, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով, միաժամանակ նաև ժամանակակից տեսքով ու կենսունակությամբ: Եվ իմ խորին համոզմամբ, թեկուզ միայն այդ հանգամանքը պարտավորեցնում է, որ Երևանն իր տոնը նշի մեծ շուքով ու հպարտությամբ»,- նշել է Եվգենիա Լոդվիգովան:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև երկուստեք փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին