Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ ճանապարհ է անցել ՀՀ երկրորդ նախագահը. Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է (ֆոտոշարք)

31 Օգոստոս, 2016 11:50
Ի՞նչ ճանապարհ է անցել ՀՀ երկրորդ նախագահը. Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է (ֆոտոշարք)

Այսօր՝ օգոստոսի 31-ին,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1954թ.-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: 1982թ-ին գերազանցության դիպլոմով ավարատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։  Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է "Կռունկ" կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է "Միացում" կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։

1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Նրան քվեարկել էին ընտրողների 59,5%:

2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում, այս անգամ ստանալով ձայների 67,5%:

Պաշտոնավարել մինչև 2008 թիվը։

2009-ից` "Սիստեմա" ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։


Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ռոբերտ Քոչարյանն ամուսնացած է  բժշկական կրթություն ստացած Բելլա Քոչարյանի հետ, ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Նա  2006 թվականից հանդիսանում է նաև Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի  բարեկամների խորհրդի պատվավոր նախագահ:

Քոչարյաններն ունեն երեք զավակ, նրանցից Սեդրակ Քոչարյանը մասնակգիտությամբ տնտեսագետ է: 2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են "Փլեյ Սիթի" սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող "ՖԱՍԹ ՔԱՐԹ" ՍՊԸ-ն, Հայաստանում "Տոյոտա" ընկերության պաշտոնական դիլեր "ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ" ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ն:

Քոչարյանների դուստրը՝ Գայանե Քոչարյանը մասնագիտությամբ իրավաբան է,  աշխատել է Արդարդադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական: 

Կրտսեր զավակը՝ Լևոն Քոչարյանը ևս մասնագիտությամբ իրավաբան է: 2008 թվականից հանդիսանում է "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ: Նա ամուսնացած է երգչուհի Սիրուշոյի հետ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին