Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանական ՊՊԾ գունդը գրաված ու հուլիսի 31-ին զենքերը վայր դրած Սասնա Ծռեր խմբի անդամների նկատմամբ իշխանությունը գնալու է ամենախիստ պատժին՝ դրանով փորձելով սաստել հանրային ընդվզումը:
Shabat.am-ի հետ զրույցում իրավապաշտպանը նշեց, որ ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարությանը, որտեղ գործածվում է ահաբեկիչ որակավորումը, արմատապես փոխում է ամեն ինչ:
«Զարմանալի է, որ այդ գնահատականը բացարձակապես չի համապատասխանում քրեական օրենսգրքի այն հոդվածներին, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել, այնտեղ խոսք է գնում շենք-շինությունների գրավման մասին, որի ընթացքում մարդ է մահացել: Իշխանությունը խիստ է լինելու, բայց շատ դժվար է կանխատեսել, թե ինչ իրավական ընթացք կստանա գործը մի երկրում, որտեղ իրավական մեխանիզմները չեն գործում, այլ գործում է քաղաքական նպատակահարմարությունը: Իշխանությունը բացի իրավական մեթոդներից պետք է անպայման կիրառի նաև քաղաքացիական, հասարակական միջոցներ, որովհետև ինքն է ստեղծել այն, ինչում մենք հայնտվել ենք և ինքն էլ պետք է այդ իրավիճակից դուրս գա»,-ասաց Սաքունցը:
Նրա խոսքով, հիմա եթե իշխանության խելքը չհասնի իրապես կատարել փոփոխություններ, և պտուտակները ավելի սեղմելու ուղղութամբ գնա, ապա կաթսան կարող է պայթել, ինչի հետևանքով բոլորն են տուժելու. «Մեր խնդիրն է այդ պտուտակների սեղմելը թույլ չտալ, այս պահին կարևոր է հենց բռնութունների կասեցումը, իրավական մոթոդների արդյունավետ կիրառումը: Այնուամենայնիվ, Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է և, իհարկե, Հայաստանը բավականին լուրջ օգնության կարիք ունի»:
Ըստ Սաքունցի, Հայաստանին հիմա կարող են օգնել այն երկրները և կառույցները, որոնք շահագրգռված են, որ այստեղ արյունահեղություն չլինի: Դրանք, ըստ նրա, եվրոպական այն կառույցներն են, որոնք այս ընթացքում հստակ իրենց դիրքորոշումը ներկայացրին, որ պետք է արյունահեղությունից զերծ մնալ, իսկ միակ պետությունը, որը, ըստ էության, շահագրգռված էր արյունահեղությամբ, Կրեմլն է:
Սաքունցն ընդգծեց, որ արյունահեղություն կարող էր լինել մի դեպքում՝ երբ լիներ առճակատում. «Եթե դիտարկենք խմբի ընդհանուր պահվածքը, ապա միանշանակ է, որ խումբը զենքը օգտագործել է միայն տարածքը գրավելու համար և չկա որևէ փաստ, որ այն նպատակուղղված է եղել արյունահեղության: Իրենք այդ գործողությամբ նպատակ են ունեցել, ինչպես իրենք են ասում, կայծ քցել, որպեսզի քաղաքացիական կամ հասարակական շարժում սկսվի և իրենց առաջադրած նպատակները լուծվեն քաղաքացիական շարժման միջոցով ոչ թե զինված մեթոդներով: Բայց իշխանության վարքագիծը ոչ միայն համաչափ չէր, այլ կարծես թե կրակի վրա յուղ լցնելու գործելակերպ էր, որը բացարձակապես չի տեղավորվում մտահոգության մեջ, որի մասին իրենք էին արտահայտում, որ իբր պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով գնալ»:
Ըստ Սաքունցի, Սասնա Ծռերը իրենց հանձնվելով կանխեցին այդ հնարավոր արյունահեղությունը, սակայն խմբի հանձնվելուց հետո հրապարակված խնդիրները մնում են օրակարգում՝ դրանք ոչ միայն չեն լուծվել, այլ նաև անորոշ են դրանց լուծման հնարավորությունները: Եվ այն, ինչ ստեղծվել է ՀՀ քաղաքական դաշտի անգործության հետևանք է:
«Քաղաքական ուժերը, համարժեք չդրսևորվելով, արձանագրեցին իրենց հեռացվածությունը իրենց ընտրողներից: Քաղաքական ուժերն արձանագրեցին, որ իրենք այլևս լեգիտիմ չեն և բացարձակապես չեն ներկայացնում հանրային ոչ միայն տրամադրությունները, այլ նաև անհաղորդ են ՀՀ քաղաքացիներին հուզող խնդիրներին»:
Ըստ իրավապաշտպանի, այժմ մենք գտնվում են նոր որակական պայմաններում, երբ վերստին չունենք խնդիրների լուծման թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ հասարակական մեխանիզմները: Նրա համոզմամբ հիմա պետք է ձևավորվեն ինչ-որ նոր կառույցներ և դրանք պետք է լինեն ժողովրդի միջից՝ հասարակական ինքնակազմակերպման արդյունքում:
«Կամ պետք է իշխանությունը գնա ռեպրեսիվ մեթոդների ուժեղացման, որպեսզի իրավիճակը վերցնի հսկողության տակ, կամ քաղաքական գործընթացները պետք է գան լրացնելու դաշտը, որպեսզի քաղաքացիների կողմից բարձացված խնդիրների լուծման հնարավորություններ ձևավորվեն: Պետք է լինեն ուժեր, որոնք այս իրավիճակից դուրս բերեն երկխոսությյան միջոցով: Իշխանափոխություն ասվածը պետք է ունենա ճանապարհային քարտեզ»,-ընդգծեց Սաքունցը, նկատելով, որ հանրությունը պատրաստ է այլևս չհաշտվել իրավիճակին, բայց կարևոր է, որ գործողությունները ձեռք չբերեն ծայրահեղական դրսևորումներ, որ չգնա փոխադարձ ոչնչացման ճանապարհով:
Ըստ նրա, մենք հիմա բավականին լուրջ եզրագծի վրա ենք ու այս կուտակված էներգիան չպետք է մսխվի, չպետք է ուղղվի կործանման:
Կարինա Սահակյան