Մարդու մոտ սեռական ինքնության խախտում կարող է դիտարկվել որոշ հոգեկան խանգարումների դեպքում, բայց դա կարող է եւ չուղեկցվել հոգեկան պաթոլոգիաներով: Երկրորդ դեպքում այդ վիճակը կոչվում է տրանսսեքսուալիզմ: Եթե առաջին դեպքում բուժում են հոգեկան խանգարումները, ապա տրանսսեքսուալիզմի առկայության դեպքում սեռափոխություն է խորհուրդ տրվում, որովհետեւ նման անձանց համար այլ լուծում կամ ադապտացիայի միջոց չկա: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մոսկվայի քաղաքային հոգեէնդոկրինոլոգիական կենտրոնի տնօրեն Ստեփան Մաթեւոսյանը, որը Երեւանում է հոգեբանների եւ հոգեբույժների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Նրա խոսքով, նման հիվանդներ ունեցող կենտրոնում մեծ աշխատանք են կատարում վերջիններիս օգնելու ադապտացվել հասարակությունում, սակայն բախվում են իրավական լուրջ խոչընդոտների եւ հասարակության մերժմանը:
Ստեփան Մաթեւոսյանը պարզաբանել է, որ բժիշկները ելնում են նրանից, որ սեռի հասկացությունը նախ եւ առաջ հոգեկան է: Իսկ քաղաքացիական կացությունը գրանցող հաստատությունները դրա տակ զուտ ֆիզիոլոգիական սեռն են հասկանում եւ տրանսսեքսուալներից սեռի ամբողջական փոփոխություն են պահանջում, որպեսզի քաղաքացիական սեռի փոփոխություն թույլ տան: «Մենք ելնում ենք նրանից, որ եթե քաղաքացիական սեռի փոփոխությունը նպաստում է մարդու սոցիալական ադապտացիային, պետք է անել դա: Բուժական ցուցումների առկայության դեպքում քաղաքացիական կացության գրանցման ծառայություններն իրավունք չունեն այդ մարդկանց ասել, թե ինչ անեն», - ասել է նա՝ հավելելով, որ այդ ծառայությունները հաճախ գերազանցում են իրենց իրավասությունները եւ մտնում են բժշկական ոլորտ, ինչով վատացնում են տրանսսեքսուալների առանց այն էլ բարդ վիճակը:
«Նրանք պահանջում են, որ կատարվեն սեռափոխության բոլոր վիրահատությունները, իսկ դա օրգանիզմի համար բավականին ծանր բեռ է»,- նշել է Ստեփան Մաթեւոսյանը: Նա հավելել է, որ Ռուսաստանում տրանսսեքսուալների վերաբերյալ առանձին օրենք չկա, իսկ քաղաքացիական ակտերի մասին օրենքում ընդամենը կետ կա սեռի փոփոխման վերաբերյալ եւ այդ կետը մասնագետների եւ պաշտոնյաների համար տարընթերցումների պատճառ է դառնում: Հաճախ դա ողբալի արդյունքի է հանգեցնում. Կանայք ստիպված բարդ վիրահատություններ են տանում, օրինակ՝ ձվարանների հեռացման, մինչդեռ բժիշկների կարծիքով կարելի է նաեւ խուսափել նման արմատական մեթոդներից:
Տրանսսեքսուալների սոցիալական ադապտացիայի, Ռուսաստանում այդ ոլորտի չկանոնակարգման հետեւանքով առկա բարդությունների եւ բուժական ու իրավական կառույցների համատեղ մարտավարությանն է նվիրված Ստեփան Մաթեւոսյանի «Տրանսսեքսուալ անձանց արժանապատվության պաշտպանությունը» վերնագրով զեկույցը, որը նա ներկայացրեց Երեւանում համաժողովի ընթացքում: