Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական հրետակոծման հետևանքով վիրավորված երեխաները վիրահատվել են. նրանց վիճակը կայուն ծանր է

02 Ապրիլ, 2016 14:18
Ադրբեջանական հրետակոծման հետևանքով վիրավորված երեխաները վիրահատվել են. նրանց վիճակը կայուն ծանր է

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին Shabat.am-ին փոխանցեցին Ստեփանակերտի հիվանդանոցից: «Երկուսն էլ ազդրից են վիրավորված, մեկին վիրահատել են Մարտունու հիվանդանոցում, մյուսին մեզ մոտ: Մեզ մոտ գտնվող երեխան ոսկորի բարդ կոտրվածք ունի:

Այս պահին ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ»,-փոխանցեցին հիվանդանոցից: Երեխաներն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ավելի վաղ Shabat.am-ը հայտնել էր, որ վիրավորներից մեկը ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանված 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանի եղբայրն է՝ Գևորգ Գրիգորյան, իսկ մյուս երեխան ՝ 11-ամյա Վարդյան Անդրեասյանն է: Նախնական տեղեկություններով՝ երեխաները վիրավորվել են դպրոց գնալու ճանապարհին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

 

Լրահոս

Դիտել ավելին