Կարևոր իրադարձություններ

Պալմիրայի վերականգնմանը պատրաստ են օգնել աշխարհի 60 կազմակերպություններ

01 Ապրիլ, 2016 10:26
Պալմիրայի վերականգնմանը պատրաստ են օգնել աշխարհի 60 կազմակերպություններ

Ամբողջ աշխարհից մոտ 60 կազմակերպություններ իրենց օգնությունն են առաջարկել՝ վերականգնելու համար սիրիական Պալմիրայի պատմական հուշարձանները: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Հոմս նահանգի ղեկավար Թալալ Ալ-Բարազին:

Պալմիրան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայն ժառանգության օբյեկտ է, ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության տակ էր 2015թ. մայիսի կեսից: Սիրիական բանակը Պալմիրան գրոհայիններից ազատագրել է մարտի 27-ին:

«Պատմական հուշարձանների պահպանության վարչությունը գնահատել է վնասը և համագործակցում է շատ միջազգային կազմակերպությունների հետ: Ներկայումս մենք պատմական հուշարձանների վերականգնման գործում օգնության առաջարկներ ենք ստացել աշխարհի մոտ 60 կազմակերպություններից, քանի որ այդ հուշարձաններն անգնահատելի են մեր քաղաքակրթության համար»,- ասել է Ալ-Բարազին:

Նա հավելել է, որ դեռ հնարավոր չէ նշել վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ գումարը, սակայն կառավարությունը կհատկացնի դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

«Մենք հիմա սպասում ենք՝ մինչև իրենց աշխատանքն ավարտեն սիրիացի սակրավորները, ինչպես նաև սպասում ենք ռուս բարեկամներին, որոնք կօգնեն ականազերծել ճանապարհները, տները, որոնք ականապատել են ԴԱԻՇ-ի գրոհայինները…»,- ասել է նահանգապետը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ տեղի բնակիչները կկարողանան Պալմիրա վերադառնալ արդեն մոտ ժամանակներս, քանի որ սիրիական իշխանությունները ենթակառուցվածքի վերականգնման փորձ ունեն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ալհոսոնը և Հոմսը:

 

Լրահոս

Դիտել ավելին