«Հոգեբանական ծառայությունների համակարգված մատուցման կարևորությունն առավել զգալի է դառնում առողջապահական մարտահրավերների ժամանակ, երբ ի թիվս բժշկական այլ ծառայությունների, ծագում է հոգեբական օգնության անհրաժեշտություն», - միջգերատեսչական աշխատանքային քննարկմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հոգեբանական տարաբնույթ ծառայությունների դաշտը կանոնակարգելու, հոգեբանական աջակցության աշխատանքները ճիշտ համակարգելու գործում կարևորելով փոխգործակցությունը` աշխատանքային քննարկմանը ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների տեղակալները, հոգեբուժության ոլորտի մասնագետներ:
Քննարկմանն անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին, դրանց լուծման գործում կարևորվել է հոգեբանների մասնագիտական կրթության, վերապատրաստումների, սերտիֆիկացման գործընթացները:
«Պետք է փորձենք հոգեկան առողջության կարիքները բավարարել նաև հոգեբուժական հաստատություններից դուրս: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե որ մասնագետների կարիքն ավելի շատ ունենք և ճիշտ պահանջարկ դնենք մեր գործընկերների առջև»,- նշել է նախարարը: