Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգն այսօր ներկայացվել է շահագրգիռ կողմերին։ Այն կպարունակի համապարփակ տեղեկություններ՝ ընտանեկան և կենցաղային բռնության յուրաքանչյուր դեպքի, դրա ընթացքի, բռնության ենթարկված անձին մատուցված ծառայությունների վերաբերյալ, նաև կօգնի պետությանը կանխարգելման, արձագանքման և ուղղորդման գործողությունները դարձնել առավել արագ, համակարգված և թիրախային։
Համակարգը մշակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
«Այսօրինակ համակարգերը հնարավորություն են տալիս պետական մարմիններին մշակել փաստարկված և տվյալների վրա հիմնված քաղաքականություններ՝ ուղղված ընտանիքում բռնության կանխարգելմանը և հաղթահարմանը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության միջոցների արդիականացմանն ու բարելավմանն ու վերջապես հանրության իրազեկվածության բարձրացմանը։ Համակարգի առկայությունը կարևոր է նաև բռնության դեպքերի դինամիկան վերահսկելու, կրկնվող դեպքերն ու ռիսկային գործոնները վերհանելու և համապատասխան կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համատեքստում»,- իր ողջույնի խոսքում նշել է նախարար Մկրտչյանը։
«Տեղեկությունների հավաքագրման այս համակարգը ձևավորվել է մասնակցային եղանակով․ փոխհամաձայնեցված է բոլոր շահագրգիռ կառույցների և կողմերի հետ, որոնք մասն են կազմում հարթակի գործարկմանը»,- բացելով միջոցառումը, նշել է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը,- «Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումից մինչ այսօր, ավելի քան յոթ տարի ընտանեկան բռնության դեպքերով մատուցված ծառայությունների հաշվառումն իրականացվել է ոչ միասնական մեթոդաբանությամբ և թղթային տարբերակով։ Հուսով ենք, որ այս նոր, թվային և մեկ միասնական մեթոդաբանությամբ աշխատող համակարգը կօգնի պետությանը և շահագրգիռ կողմերին իրենց աշխատանքները դարձնել առավել թիրախային և ունենալ բավարար տվյալներ ոլորտի հետագա բարեփոխումների համար»։
Համակարգի շնորհանդեսին ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ասել է. «Այս համակարգով Հայաստանը նշանակալի քայլ է կատարում ընտանեկան բռնության դեմ պայքարում առավել արդյունավետ և տվյալահեն մոտեցման ուղղությամբ։ Համոզված եմ, այս կարևոր գործիքը կօգնի բոլորիս ստեղծելու առավել ապահով և արդար հասարակություն»։
Պարոն Յան Պլեշինգերը նշել է, որ թվայնացումը և ընտանեկան բռնության դեմ պայքարը կարևոր ուղղություններ են Եվրամիության համար, և այս նոր հարթակը թույլ կտա ոչ միայն բարելավել արձագանքման համակարգը, այլև ունենալ տվյալների համապարփակ միասնական շտեմարան։
««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի ղեկավար Անահիտ Պարզյանը ներկայացրել է համակարգի աշխատանքի և տվյալների հավաքագրման մանրամասները։
Համակարգն աշխատելու է ՀՀ Կառավարության 18 հունվարի 2024 թվականի կայացված որոշման հիման վրա, համաձայն որի` տեղեկատվությունը հավաքագրվելու է մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ պետությանը պատվիրակված ծառայություն մատուցող ՀԿ-ների կողմից։ Տվյալների վերջնական ամփոփումն ու հրապարակումն իրականացնելու է լիազոր մարմնի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Համակարգի անխափան գործունեության համար պատասխանատու է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:
Համակարգ տվյալներ են մուտքագրելու Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունը, Դատական դեպարտամենտը, աջակցության կենտրոնները և ապաստարանները։ Անհրաժեշտության դեպքում, տեղեկություններ կարող են մուտքագրել նաև այլ գերատեսչություններ, օրինակ՝ Առողջապահության նախարարությունը։
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։