Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը կկատարի հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնը, քանի դեռ չի ձեւավորվել նոր իշխող կոալիցիան եւ կառավարությունը։ Այս մասին հայտնել է Die Presse-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ Շալենբերգի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի չորեքշաբթի։ Նա պաշտոնը կստանձնի այս շաբաթ։ Ավստրիական դիվանագիտության ղեկավարն արդեն ղեկավարել է կառավարությունը 2021թ.՝ Սեբաստիան Կուրցի հրաժարականից հետո։
2024թ. սեպտեմբերի 9-ին Ավստրիայում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Ավստրիայի ազատության կուսակցությունը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել է ձայների ռեկորդային 29,2 տոկոսով։ Սակայն խորհրդարանական այլ կուսակցությունների՝ նրա հետ կոալիցիայի մեջ մտնելու դժկամության պատճառով նոր կառավարության ձեւավորման շուրջ բանակցություններ են սկսվել իշխող Ավստրիայի ժողովրդական կուսակցության, որը ստացել է ձայների 26,5, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ 21, «Նոր Ավստրիա-Լիբերալ ֆորում» (NEOS) կուսակցության՝ 9 տոկոս, միջեւ։ Հունվարի 3-ին NEOS կուսակցությունն առաջինը հայտարարեց եռակողմ բանակցություններից դուրս գալու մասին։
Հաջորդ օրը Կառլ Նեհամերը հայտարարեց, որ կհրաժարվի դաշնային կանցլերի եւ Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնից այն բանից հետո, երբ սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիա կազմելու բանակցությունները ձախողվեցին տնտեսական հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Կուսակցության ղեկավարի պաշտոնակատար է դարձել Քրիստիան Շթոքերը, որը հաստատել է պատրաստակամությունը՝ մասնակցելու Ավստրիայի ազատության կուսակցության հետ կոալիցիոն բանակցություններին։
Հունվարի 6-ին պետության ղեկավար Ալեքսանդր Վան դեր Բելենը հանձնարարել է Ավստրիայի ազատության կուսակցության նախագահ Հերբերտ Կիկլին բանակցություններ սկսել Ավստրիայի ժողովրդական կուսակցության հետ խորհրդարանական մեծամասնության ձեւավորման շուրջ։