Հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)» հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կազմակերպվել է «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն էր գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին միավորել մեկ հարթակում, կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպում և անմիջական շփում, ծանոթացնել թափուր աշխատատեղերին:
Միջոցառմանը ներկա էին Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, ՄՍԾ զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության մասնագետները, Աշտարակի, Ապարանի, Վաղարշապատի, Եղվարդի և Մասիսի տարածքային կենտրոնների ներկայացուցիչները:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցել է աշխատուժի պահանջարկ ունեցող արտադրության, սպասարկման և այլ ոլորտների 20-ից ավելի գործատու, որոնք ներկայացրել են 150-ից ավել թափուր աշխատատեղ։
Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Արագածոտնի մարզի, մասնավորապես Աշտարակ քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ուղղված են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորությունների մեծացմանը: