Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը մշտական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտման հերթական դեպքերը գրանցվեցին ոստիկանության Տավուշի և Գուգարքի բաժիններում:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հոկտեմբերի 11-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, Իծաքար-Գանձաքար ճանապարհին նկատել են փայտանյութով բարձած «Ուրալ» բեռնատար: Բեռնատարի վարորդը հայտնել է, որ 14 խմ փայտանյութը Նավուրի անտառպետության տարածքից բենզասղոցով ապօրինի հատել է ինքը:
Գանձաքար գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Տավուշի բաժնի ՁՊՎ, իսկ փայտանյութով բեռնված «Ուրալը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Բերդի քննչական բաժին:
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 11-ին Եղեգնուտ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերեցին 3 խմ փայտանյութ, որի մոտ գտնվող նույն գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդը հայտնել է, որ նախորդ օրը Եղեգնուտ բնակավայրի հարակից հանդամասից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է բոխիներ և բալենի: Նա հրավիրվել է բաժին, իսկ հայտնաբերված փայտանյութը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Լոռու մարզի քննչական վարչություն: