Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ․-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում իր աղջիկը մահացել է բժիշկների «թեթև ձեռքով», նշել է, որ աղջկա ձեռքերը կապել են, իսկ դուստրը նաև ասել է իրեն, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հարվածել է իրեն:
Արդեն տեղում պարզվել է, որ Մերի Մ․-ի դուստրը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Սոնա Ս․-ն, չի մահացել, այլ անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առկա է բժշկի տեղեկանք:
Նույն օրը ոստիկաններին Սոնա Ս․-ի հայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սասուն Ս․-ն, հայտնել է, որ իր դուստրը հոկտեմբերի 5-ին իրեն վատ է զգացել, որի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 8-ին ժամը 11։20-ի սահմաններում մահացել է:
Հայրը ևս դստեր մահվան համար մեղադրել է բժիշկներին։