Կարևոր իրադարձություններ

Ինչպես է ծխախոտն ազդում երեխայի առողջության վրա դեռևս ներարգանդային կյանքում

12 Հոկտեմբեր, 2024 13:37
Ինչպես է ծխախոտն ազդում երեխայի առողջության վրա դեռևս ներարգանդային կյանքում

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հղիների դեպքում ծխելը հանգեցնում է ընկերքի անոթների ախտահարման, ինչի հետևանքով խաթարվում է թթվածնով և սննդանյութերով պտղի սնուցումը: Առկա են նաև ազդեցության ավելի բարդ մեխանզիմներ:

Արդյունքում ծխելը հղիության ընթացքում ազդում է պտղի տարբեր օրգանների՝ գլխուղեղի, ոսկորների, թոքերի և այլ օրգան համակարգերի զարգացման վրա:

Ծխող կամ երկրորդային ծխի զգալի ազդեցության ենթարկվող ապագա մայրիկի մոտ որոշակիորեն մեծանում է մեռալածնության, արատով կամ ցածր քաշով երեխա ծնվելու, նորածնային հասակում մահանալու ռիսկը:

Ծխախոտի ազդեցությունը մանկահասակ երեխաների վրա

Վաղ տարիքում ծխախոտը առավել ծանր և ցայտուն ազդում է երեխաների շնչառական համակարգի վրա: Այն հանգեցնում է տարբեր վիրուսներով երեխայի ավելի հաճախ հիվանդանալուն, իսկ հիվանդանալու դեպքում էլ՝ առավել ծանր ընթացքի զարգացմանը:

Երկրորդային ծուխը հանգեցնում է երեխաների մոտ կրկնվող ականջի բորբոքումների, ալերգիկ ծագման քրոնիկ հարբուխի, քրոնիկ հազի, կրկնակի բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի զարգացմանը:

Ծխելու ազդեցությունը դեռահասների վրա

Այդ տարիքում ուղեղը դեռ շարունակում է զարգանալ, այդ իսկ պատճառով ծխելը ավելի արագ նպաստում է կախվածության զարգացմանը:

Ծխող մեծահասկաների մեծ մասը ծխել սկսել է հենց այս` դեռահասային տարիքում:

Հատկապես այն դեռահասները, որոնց ծնողները կամ նրանցից մեկը ծխող է, ավելի հակված են այս վատ սովորությանը:

Էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը դեռահասների առողջության վրա

Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում դեռահասների հոգեկան առողջության վրա. հանգեցնում է տրամադրության անկման դեպրեսիա/ընկճախտ, առաջ բերում` տագնապային խանգարումներ:

Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող այնպիսի քիմիական գոյացություններ, ինչպիսին են ֆորմալդեհիդը և դիացետիլը ևս նպաստում են թոքերի քրոնիկ հիվադությունների և քաղցկեղի առաջացմանը, իսկ առկա նիկոտինը՝ կախվածության առաջացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին