Կարևոր իրադարձություններ

Վայրի կենդանիների ապօրինի առևտուրը՝ IUCN-ի ֆորումի օրակարգում

08 Հոկտեմբեր, 2024 18:11
Վայրի կենդանիների ապօրինի առևտուրը՝ IUCN-ի ֆորումի օրակարգում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակիցները մասնակցել են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պահպանության ֆորումին (RCF), որը տեղի է ունեցել Բելգիայի Բրյուգե քաղաքում:

Որպես IUCN-ի Արևելյան և Արևմտյան Եվրոպայի միջտարածաշրջանային կոմիտեի (ICENCA) ղեկավար կոմիտեի անդամ, FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մասնակցել է «Վայրի կենդանիների ապօրինի առևտուր. ինչպե՞ս է ԵՄ-ն դիմակայում» խորագրով քննարկմանը: Քննարկման ընթացքում Ռուբեն Խաչատրյանը խոսել է վայրի կենդանիների առևտրի և թրաֆիքինգի շղթայում Հայաստանի մասնակցության մասին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև IUCN-ի ֆրանսիական կոմիտեի նախագահ Մոդ Լելիևրը, Կենդանիների բարօրության միջազգային հիմնադրամի արշավների պատասխանատու Միա Կռնոևիչ-Չերիերը և Կենտրոնական Ասիայի համալսարանի հետազոտող Բակիտբեկ Տոկուբեկուուլուն:

FPWC-ի ղեկավարը նաև կիսվել է հիմնադրամի նախաձեռնությունների փորձով՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության և համայնքների ներգրավման կարևորությունը վայրի կենդանիների ապօրինի առևտրի դեմ պայքարում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-ի ջանքերը վայրի կենդանիների ապօրինի առևտուրը կանխելու ուղղությամբ և այն մարտահրավերները, որոնց հետևանքով Եվրոպան շարունակում է մնալ ապօրինի վայրի կենդանիների երրորդ խոշորագույն ներկրողը:

Ֆորումի ընթացքում Ռուբեն Խաչատրյանը բարձրացրել է նաև մեկ այլ կարևոր թեմա՝ շեշտելով քաղաքացիական տարածքի կարևորությունը բնապահպանության գործում: Նա նշել է, որ բնապահպանների, հասարակական կազմակերպությունների և տեղական համայնքների՝ ազատ և անվախ գործելու հնարավորությունն էական է մոլորակի կենսաբազմազանության պաշտպանության հաջողության համար:

«Քաղաքացիական տարածքն ավելին է, քան պարզապես երկխոսության հարթակ. այն հիմքն է, որի վրա կառուցված են մեր համատեղ ջանքերը», - նշել է Խաչատրյանը: Նա կոչ է արել IUCN-ին պաշտպանել իր անդամներին, հատկապես նրանց, ովքեր աշխատում են բարձր ռիսկային տարածքներում, ինչպիսին է Հայաստանը:

FPWC-ն հպարտ է մասնակցել այս կարևոր քննարկմանը և վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդրում ունենալ շրջակա միջավայրի պահպանության գործում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում:

 

Լրահոս

Դիտել ավելին