Կարևոր իրադարձություններ

Վարդապետյանը կարևորել է գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը Երևանում անցկացնելու որոշումը

02 Հոկտեմբեր, 2024 18:48
 Վարդապետյանը կարևորել է գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը Երևանում անցկացնելու որոշումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են դատախազությունից։

Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը Երևանում անցկացնելու որոշումը:

Հիշեցնենք, որ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել էր 2007 թվականին:

Համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։

Վլադիմիր Զիմինը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ջերմ ընդունելության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Խորհրդի առաջիկա նիստին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին