Կարևոր իրադարձություններ

Շրջիկ ծառայությունը տեղում ապահովում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները (տեսանյութ)

30 Սեպտեմբեր, 2024 15:20
Շրջիկ ծառայությունը տեղում ապահովում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները և դիտարկելով քաղաքացիների հարմարավետությունը որպես առաջնահերթություն՝ մարզերում գործարկել է շրջիկ ծառայություն։ Այն տեղում կապահովի միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները։ Արդյունքում՝ ծառայությունների մատուցումը քաղաքացու համար դառնում է ավելի հասանելի, իսկ նախաձեռնությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում՝ հեռավոր գյուղեր։

Ծրագիրն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարությունը սերտորեն համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչի արդյունքում համայնքապետարանները բնակիչներին նախապես իրազեկում են շրջիկ ծառայության մանրամասների մասին։
Բնակիչները կարող են մոտենալ և սպասարկվել նախապես հայտարարված օրերին։

Այս փուլով սեպտեմբերի 24-ից 27-ը ծառայություններ են մատուցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, մասնավորապես՝ Չարենցավան քաղաքում, Բջնի, Արզական, Ալափարս, Ֆանտան, Կարենիս գյուղերում, իսկ ավելի վաղ շրջիկ ծառայություն էր մատուցվել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում։
Շրջիկ ծառայության աշխատակիցները մեկ օրվա ընթացքում կարող են լինել մի քանի գյուղական բնակավայրերում։ Մինչ այժմ քաղաքացիներից որևէ բողոք չի ստացվել, միայն գրանցվել են դրական արձագանքներ։

Սպասարկման շրջանակներում երկու մարզերում ընդունվել են 315 անձնագրավորման և 13 քաղաքացիության գործեր, մատուցվել են նաև հաշվառման ծառայություններ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։

Գործընթացը շարունակական է, իրականացվում է նաև որակի մոնիթորինգ՝ խնդիրները հասցեագրելու և մատուցվող ծառայություններն առավել բարելավելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին