Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է սեպտեմբեր ամսվա գործունեությունը

27 Սեպտեմբեր, 2024 14:39
Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է սեպտեմբեր ամսվա գործունեությունը

Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է սեպտեմբեր ամսվա գործունեությունը՝ ընդգծելով մի շարք նշանակալից միջոցառումներ, որոնք ուղղված էին մասնակիցների տեսագործնական գիտելիքների խորացմանն ու արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների կատարելագործմանը:

Առանձնահատուկ կարևորություն է տրվել Բերդ համայնքի Նավուր բնակավայրի մանկապարտեզում անցկացված հատուկ տակտիկական ուսումնավարժությանը, որի նպատակն էր գնահատել և ամրապնդել արտակարգ իրավիճակներում արձագանքող անձնակազմի և փրկարարների հմտությունները:

Սցենարի համաձայն՝ մանկապարտեզի առաջին հարկում բռնկված հրդեհը վտանգի տակ էր դրել աշխատակիցներին և սաներին: Մասնակիցները ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն՝ հստակ և համակարգված իրականացնելով բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ սկսած հետախուզությունից և տարհանումից մինչև հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքներ և առաջին օգնության ցուցաբերում: Վարժանքի ավարտին կատարվեց մասնակիցների գործողությունների համակողմանի վերլուծություն՝ ընդգծելով արդյունավետության կետերը և մատնանշելով որոշակի թերացումներ՝ հետագա կատարելագործման նպատակով:

Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում անցկացվեցին «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման և տարհանման լայնամասշտաբ վարժանքներ: Գործարկվեցին էլեկտրական շչակներ և բնակչությանը տրամադրվեցին մանրամասն ցուցումներ՝ անվտանգության կանոնների վերաբերյալ, ինչն էականորեն նպաստեց հանրային իրազեկվածության բարձրացմանը և գործողությունների հստակության ապահովմանը։

Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողներն ակտիվ մասնակցություն ունեցան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Իջևանի տեղամասի կողմից կազմակերպված «ԱԻ հետևանքով ջրամատակարարման ցանցում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժությանը, որը կենտրոնացած էր ջրամատակարարման համակարգում առաջացած վթարների դեպքում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործողությունների վրա։ Վարժանքը նպատակ ուներ կատարելագործել վթարային իրավիճակում արձագանքող ուժերի համագործակցությունն ու հմտությունների զարգացումը։ Արդյունքների վերլուծության ընթացքում նշվեցին թե՛ արդյունավետ գործողությունները, թե՛ անհրաժեշտ շտկումները՝ հետագա աշխատանքներն ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով:

Նշենք, որ Փրկարար ծառայության կողմից նմանօրինակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ՝ ունենալով առաջնային նպատակ՝ մասնակիցների գիտելիքների հարստացում և գործնական հմտությունների խորը կատարելագործում: Դրանք ոչ միայն նպաստում են արտակարգ իրավիճակներում արագ և կուռ արձագանքման մշակմանը, այլև ձևավորում են մասնագիտական պատասխանատվության և պատրաստվածության մշակույթ:

Այսպիսի նախաձեռնությունները կարևորագույն դեր ունեն արտակարգ իրավիճակներում անվտանգության մակարդակի բարձրացման և ռիսկերի նվազեցման գործում՝ ապահովելով ոչ միայն անհատների, այլև ամբողջ համայնքների անվտանգությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին