Կարևոր իրադարձություններ

Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակ պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների համար (տեսանյութ)

27 Սեպտեմբեր, 2024 12:34
Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակ պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների համար (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես Ներքին գործերի նախարարության և ոլորտի այլ գերատեսչությունների, այնպես էլ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն իր ողջույնի խոսքում անդրադարձ է կատարել ոլորտում միասնական հարթակի կարևորությանը՝ ընդգծելով, որ քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները հնարավորություն ունեն փոխանակել գաղափարներ և նպաստել հետագա քաղաքականությունների ձևակերպման զարգացմանը։

Ըստ հանդիպման կազմակերպիչների՝ հարթակը հնարավորություն է տալիս բերել գիտահեն մոտեցումներ ռազմավարությունների մշակման համար։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը նշել է, որ հարթակը հնարավորություն է տալիս խոսելու, քննարկելու այն բոլոր հարցերը, որոնք կարևոր են որոշում կայացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է միգրացիոն քաղաքականությունների, ռազմավարությունների և օրենքների մասին մշակվող առանցքային տեղեկատվություն։ Օրակարգում ընդգրկված էին նաև միգրացիոն հոսքերի կառավարման, ինտեգրման և վերաինտեգրման ռազմավարությունների, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման քաղաքականության, հայրենադարձության մասին օրենքի, փախստականների ու ապաստանի մասին և քաղաքացիություն չունեցող անձանց մասին օրենքների նախագծերի վերաբերյալ թեմաներ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հարթակը մի քանի նպատակի է ծառայում՝ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում քաղաքականությունների, ռազմավարությունների մշակման հենք ստեղծելու համար, ինչպես նաև կոնկրետ թեմատիկ քննարկումների համար։

Հանդիպման մյուս հատվածում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը ներկայացրել է Ծառայության կողմից անօրինական միգրացիան կանխարգելելու ուղղությամբ մշակված իրազեկման արշավի ծրագիր։ Այն ներառում էր ոլորտի շրջանակներում հիմնական խնդիրները, նպատակները, մեթոդաբանությունը և թեմային վերաբերող մի շարք այլ բաղադրիչներ։ Բանախոսն իր խոսքում անդրադարձել է նաև լրատվամիջոցներով պարբերաբար շրջանառվող հետընդունման թեմային, դրա տարածմանն ու հիմնական շեշտադրումներին, ներկայացվել է իրազեկման գործողությունների հերթականությունը։

Հանդիպման ավարտին ներկայացվել է նաև վերաինտեգրման արդյունքների վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալներն ու հետազոտությունները՝ նպատակ ունենալով ստեղծել իրավունքահեն ու կայուն վերադարձի համակարգ։

 

Լրահոս

Դիտել ավելին