Կարևոր իրադարձություններ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի

26 Սեպտեմբեր, 2024 13:37
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որի ընթացքում ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Վարդանի Գրիգորյանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է բուհի հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը:

Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր 4 հավակնորդ: Նիստն իրականացվել է մրցույթի ընթացակարգի համաձայն, մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները: Մրցույթի արդյունքներով 20 անդամից 19 կողմ ձայնով 5 տարի ժամկետով ռեկտորի պաշտոնում ընտրվել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Վարդանի Գրիգորյանը:

«Արմեն Գրիգորյանը նոր մարդ չէ բուհում. նա ավելի քան 10 տարի աշխատում է համալսարանում, իսկ վերջին 5 տարին ղեկավարել է ուսումնական աշխատանքները: Անցումային այս շրջանում եղել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ցույց է տվել արդյունավետ կառավարելու իր հմտությունները»,-նշել է նախարարը:

Բուհի նորանշանակ ռեկտոր Արմեն Գրիգորյանի խոսքով՝ իր համար մեծ պատասխանատվություն է ՀՀ ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը հետագայում առաջ տանելու հանձնառությունը. «Համալսարանում ներկայում երեք հերթափոխով սովորում է 9002 ուսանող, այդ թվում՝ օտարերկրացի: Իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ համալսարանի՝ միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացները զարգացնելու, ինչպես նաև Կառավարության սահմանած ռազմավարական թիրախներն ապահովելու համար, մասնավորապես՝ միջազգային վարկանիշային աղյուսակներում բուհն առաջ մղելու և մեր երկրի առաջատար ուղեղային կենտրոններից մեկը դարձնելու ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին