Հաշված օրեր անց, սեպտեմբերի 30-ին, մեկ շաբաթ տևողությամբ ACE ծրագիրը կմեկնարկի Հայաստանում։
Ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, տնտեսական զարգացման ոլորտի մասնագետներ, գիտնականներ, առաջնորդներ, նորարարներ Միացյալ Նահանգներից և Արևմտյան կիսագնդի այլ երկրներից։ Հայաստանում նրանք կուսումնասիրեն համագործակցության հնարավորությունները, կկիսվեն առաջատար գաղափարներով և կընդգրկվեն ապագան կերտող յուրահատուկ այս հարթակում։
Ծրագիրը համակարգվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության, ԱՄՆ պետքարտուղարության և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կողմից: ACE Armenia-ի կարգախոսն է «Կառուցել կամուրջներ, միավորել մարդկանց»: Այս աշնանը այդ կամուրջները կհատեն Ատլանտյան օվկիանոսը և միմյանց կկապեն Հայաստանն ու Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկաները: Մինչ այս, Ամերիկյան մայրցամաքներից դուրս, ACE ծրագիրն անցկացվել է միայն Գերմանիայում և Իսրայելում: Այս անգամ՝ արդեն Հայաստանում։
Ինչու՞ Հայաստանում, որովհետև․․․ Առկա է հմուտ աշխատուժ. ՍԹԵՄ կրթության և մասնագիտական ուսուցման շեշտադրման շնորհիվ Հայաստանն ունի տեխնոլոգիաների, ճարտարագիտության և այլ ոլորտներում տաղանդավոր մասնագետներ: Վերընթաց զարգանում է տեխնոլոգիական ոլորտը․ Հայաստանն համաշխարհային ուշադրության կենտրոնում է պահում երկրում դինամիկ զարգացող ստարտափ էկոհամակարգը և ՏՀՏ ոլորտը։
Ռազմավարական դիրքը․ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, մատակարարման շղթաների առանցքային կետում՝ Հայաստանը դարպաս է դեպի տարբեր շուկաներ և գրավիչ է միջազգային առևտրի համար։ Խրախուսող բիզնես միջավայր. ՀՀ-ն իրականացնում է բիզնեսը խթանելուն ուղղված բարեփոխումներ, առաջարկում է հարկային խթաններ և ապահովում ակտիվ ձեռնարկատիրական էկոհամակարգ:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը համավատարմագրված է Ամերիկյան Պետությունների Կազմակերպությունում (ԱՊԿ) որպես մշտական դիտորդ։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն ակտիվ աշխատում է ԱՊԿ անդամ երկրների հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ։ ԱՊԿ կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում։
ՀՀ-ում անցկացվող ACE ծրագրին ԱՄՆ պետքարտուղարության, առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչների և մյուս գործընկերների հետ միասին կմասնակցի նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական/փոխդեսպան Արթուր Գրիգորյանը։