Կարևոր իրադարձություններ

Կդիտարկվի ակտիվ ծերացման տեսլականի իրականացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

24 Սեպտեմբեր, 2024 12:31
Կդիտարկվի ակտիվ ծերացման տեսլականի իրականացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Սաուդիան Արաբիայում գործող Hevolution հիմնադրամի համահիմնադիր, արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հրավերով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging (Կյանքի շրջափուլից՝ առողջության շրջափուլ. ժամանակն է գործել ծերացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ) կլոր սեղան քննարկմանը։  

Իր խոսքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում շարունակում է լինել ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովման, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման տեսլականը։ 

Նախարարը նշել է, որ այս գերակայություններն ամրագրված են սոցիալական պաշտպանության համակարգի առանցքային փաստաթղթերից մեկում՝ Ժողովրդագրության ռազմավարությամբ, որն ուղղված է նաև ավագ սերնդի ներկայացուցիչների մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործմանն ու  երկրի սոցիալ-տնտեսական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածության ապահովմանը։

Արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հետ ունեցած զրույցի շրջանակում կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում դիտարկել ակտիվ ծերացման տեսլականի իրականացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին