Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան՝ հոկտեմբերի 19-ին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի հետ համատեղ կազմակերպվել է մարզական մեծ միջոցառում։
Ազատազրկված կանայք պրոֆեսիոնալ մարզիչների գլխավորությամբ իրենց ուժերն են չափել վոլեյբոլ, վազք, հեռացատկ, սեղանի թենիս, դարթս և բազկամարտ մարզաձևերում։
Ուշագրավ պայքար է ընթացել վոլեյբոլում․ ազատազրկված կանանցից ձևավորված երկու թիմերից հաղթող թիմը մրցաշարից հետո պայքարի մեջ է մտել նաև հիմնարկի վարչակազմի թիմի հետ: Թեժ պայքարի արդյունքում հաղթել են հիմնարկի աշխատակիցները։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանը և համայնքի ղեկավարի օգնական Արա Սիմոնյանը շնորհավորել են բոլոր հաղթողներին, քաջալերել սպորտային միջոցառման մասնակից ազատազրկված կանանց՝ մաղթելով հոգու կորով և հույս հայտնելով, որ նրանց ակտիվ մասնակցությունը նմանատիպ միջոցառումների կնպաստի արագ վերասոցիալականացմանն ու ժամանակի արդյունավետ օգտագործմանը:
Համայնքապետարանի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած ազատազրկված կանանց հանձնվել են պատվոգրեր, ձեռքի ժամացույցներ և մարզաշապիկներ։ Պատվոգրեր են ստացել նաև աշխատակիցների վոլեյբոլի թիմի անդամները, իսկ հիմնարկին նվիրաբերվել են դարթս և վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի գնդակներ։