Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը

23 Սեպտեմբեր, 2024 15:28
Մեկնարկել է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլի մեկնարկը տրված է։

Հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Աբովյանը, Ալավերդին, Ապարանը, Մարտունին և Նոյեմբերյանը։

Համաձայն մրցույթի գործող կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվում է հետևյալ փուլերով՝ 

հայտի ընդունում և գնահատում հանձնաժողովի կողմից՝ սահմանված պահանջներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ,

հայտի փորձագիտական գնահատման խմբի կողմից` տեղում ուսումնասիրությունների միջոցով,

ՀՀ բնակչության կողմից կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն։

Հիշեցնենք, որ առաջին երկու փուլերն արդեն ավարտված են։ Մասնավորապես՝ ներկայում մեկնարկած քվեարկությանը նախորդել են փորձագիտական գնահատման խմբի այցելությունները հայտատու քաղաքներ և հարակից բնակավայրեր, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-20-ն ընկած ժամանակահատվածում։ 

Այցելությունների շրջանակում փորձագետները հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի, ավագանու երիտասարդ անդամների հետ, ուսումնասիրել հայտերում ներկայացված ծրագրերի համապատասխանությունը երիտասարդական պետական և տեղական քաղաքականությունների առաջնայնություններին, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական նախաձեռնող խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքային ծրագրերում, ինչպես նաև՝ դիտարկել համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները:

Հայտերի գնահատման երրորդ փուլը՝ SMS քվեարկությունը, կտևի մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ. այս օրերի ընթացքում ՀՀ քաղաքացիները, անկախ բնակության վայրից, հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ 5009 կարճ համարին ՀԱՅԱՏԱՌ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը (ԱԲՈՎՅԱՆ, ԱԼԱՎԵՐԴԻ, ԱՊԱՐԱՆ, ՄԱՐՏՈՒՆԻ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ)։ 

Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում նույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 SMS հաղորդագրություն։ Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։

Մրցույթի հաղթողը կորոշվի փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության արդյունքների համադրմամբ։

ՀՀ ԿԳՄՍՆ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակն է նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցել մարզային երիտասարդական կազմակերպությունների ու ենթակառույցների առաջխաղացմանը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում:

 

Լրահոս

Դիտել ավելին