Կարևոր իրադարձություններ

Ընտանիքի երեք անդամի մահվան պատճառ դարձած վթարի վերաբերյալ վարույթով մեղադրյալը ներկայացել է Քննչական բաժին

20 Սեպտեմբեր, 2024 21:02
Ընտանիքի երեք անդամի մահվան պատճառ դարձած վթարի վերաբերյալ վարույթով մեղադրյալը ներկայացել է Քննչական բաժին
2024թ․ հուլիսի 26-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:
 
«BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Որոշում էր կայացվել` նրան ձերբակալելումասին, որը հանձնարարվել էր Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
 
Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել էր և հայտարարվել էր հետախուզում։
Սեպտեմբերի 20-ին նշված անձը ձերբակալվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
 
Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։
 
Միջնորդություն է հարուցվում դատարան՝ նշված անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ։
Վերջինս մեղադրվում է այն բանում, որ դեպքի ժամանակ «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենան վարելով նշված ճանապարհահատվածով, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և կատարել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ:
 
Չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հոծ գծի առկայության պայմաններում չի իրականացրել տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և, հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի հետևանքով բախվել է դիմացից եկող «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառ դառնալով երեք մարդու մահվան պատճառ։
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
 

Լրահոս

Դիտել ավելին