Կարևոր իրադարձություններ

Թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ է ստեղծվել

20 Սեպտեմբեր, 2024 19:50
Թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու   մի քանի տարբերակ է ստեղծվել

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ այսուհետ կգործի urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ։

Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն, խորհրդատվական հանդիպումներ կկազմակերպվեն «VX Soft» ընկերության համակարգիչներով հագեցած գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)): Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» դաշտում ստեղծված բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info

Բացի այդ, հնարավոր կլինի ստանալ խորհրդատվություն նաև հեռավար եղանակով։ Այդ նպատակով urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում ստեղծվել է «Տեսազանգով կառուցապատման թույլտվությունների հարցերով տեխնիկական խորհրդատվության տրամադրում» դաշտը (https://urban.e-gov.am/hy/service/zoom_calls/info), որի միջոցով անհրաժեշտ է ամրագրել տեսազանգ՝ ըստ ժամանակացույցի, ապա էլեկտրոնային փոստին եկած հղումով ստանալ առցանց խորհրդատվություն։

Քաղաքաշինության կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետները կաջակցեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց թվային հարթակից օգտվելիս, կլուծեն տեխնիկական խնդիրները, կպատասխանեն գործընթացների վերաբերյալ հարցերին։

Երրորդ տարբերակը հեռախոսազանգերի սպասարկումն է։ Տեխնիկական հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել 0-8000-2020 և 010 58 59-80 հեռախոսահամարներով, անհրաժեշտության դեպքում՝ թողնել ձայնային հաղորդագրություն, իսկ բովանդակային հարցերով զանգահարել 011-621-818 հեռախոսահամարներով։

Հավելենք, որ գործընթացների վերաբերյալ հարցերով կարող են աջակցել նաև համայնքապետարանների համապատասխան աշխատակիցները, որոնք անցել են վերապատրաստում։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ողջ գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների urban.e-gov.am հարթակում։

 

Լրահոս

Դիտել ավելին