ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-ից 20-ը աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում էր։
Լատվիայի պետական ոստիկանությունում պատվիրակության անդամներին ներկայացվել են համակարգի կառուցվածքային բարեփոխումները, Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և ենթակա ստորաբաժանումների գործառույթները։
Պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի տարածաշրջանի վարչության Քրեական ոստիկանության և Յուրմալայի ոստիկանության բաժիններ, ծանոթացել նրանց գործառույթներին։
Ոստիկանության պետական քոլեջում պատվիրակության անդամներին ներկայացվել են ծառայողների կրթության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև Ներքին անվտանգության ակադեմիայի և Քննիչների կրթական կենտրոնի գործունեության մանրամասներ։
Քննարկվել են երկու պետություններում անդրազգային հանցավորության, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ: