Սեպտեմբերի 13-ին՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, «Դիլիջան» ազգային պարկ է բաց թողնվել թվով 10 կովկասյան ազնվացեղ եղջերու։ Այս մասին հայտնում են Բնության համաշխարհային հիմնադրամից։
2013-ին մեկնարկած վերաբնակեցման ծրագիրը իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է վերականգնել ազնվացեղ եղջերուի պոպուլյացիան Հայաստանում։
Դեռևս 1950-ական թվականներից Հայաստանից իսպառ վերացած ազնվացեղ եղջերուն 2018-ին վերադարձավ Հայաստան, երբ վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ։ Եղջերուները տեղափոխվեցին «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել էր բազմացման կենտրոնը:
Տարիների ընթացքում կենտրում գտնվող կենդանիների թվաքանակը եռապատկվեց, ինչին հետևեց 2022 թվականին դրանց առաջին փորձնական խմբի (կազմված 3 առանձնյակից) արձակումը բնություն։
«Մեր նպատակն է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի հայաստանյան հարուստ կենսաբազմազանությունը կրկին համալրվի ազնվացեղ եղջերուներով», - նշեց WWF Հայաստանի տնօրեն պրն. Լևոն Աղասյանը։
Ուստի հետևելով ծրագրի նպատակին՝ սեպտեմբերի 13-ին բնության հատուկ պահպանվող տարածքների օրը, թվով 10 ազնվացեղ եղջերու վերադարձավ արձակ բնություն։
Հարկ է նշել, որ վերջիններս բաց են թողնվում GPS տեղորոշման վզկապներով՝ բնության մեջ դրանց տեղաշարժը վերահսկելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։