Կարևոր իրադարձություններ

Հայաստանի կանանց հավաքականի չորրորդ անընդմեջ հաղթանակը՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում

14 Սեպտեմբեր, 2024 23:32
Հայաստանի կանանց հավաքականի չորրորդ անընդմեջ հաղթանակը՝  շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0) և Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։ 

Տղամարդկանց հավաքականը այսօր մրցում էր Չինաստանի թիմի հետ: Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։ Հանդիպումն ավարտվեց Չինաստանի օգտին 2.5:1.5 հաշվով:

Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1)։

 

Լրահոս

Դիտել ավելին