Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացումը:
ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի անդամներին նախորդ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: «Հայոց ցեղասպանությունը հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության դեմ: Ընդունելով այս փաստաթուղթը` Մեքսիկայի Սենատն իր ներդրումն ունեցավ մարդկության դեմ ապագա հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի համախմբման գործում այս համընդհանուր նպատակի շուրջ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ փոխխոսնակը հյուրին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման հարցում մեր երկրի կողմից գործադրվող ջանքերը:
Սինտիա Լոպես Կաստրոն բարձր է գնահատել Երևանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Մեքսիկայի Սենատի անդամի խոսքով նմանատիպ միջոցառումները նպաստում են երիտասարդների միջև փորձի փոխանակմանը և փոխգործակցության խորացմանը:
Հակոբ Արշակյանը Հայաստանի կողմից հոկտեմբերի 1-ին Մեխիկոյում կմասնակցի Մեքսիկայի պատմության մեջ առաջին կին նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը: