Կարևոր իրադարձություններ

Կբացվի «Քաղաքային պատկերներ. ժառանգության վկաներ» ցուցահանդեսը

13 Սեպտեմբեր, 2024 18:39
Կբացվի «Քաղաքային պատկերներ. ժառանգության վկաներ» ցուցահանդեսը

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 14-ին «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ  ներկայացնում է «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը։

Այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո:

«Քաղաքային պատկերներ․ Ժառանգության վկաներ» ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 14-ը և կներկայացնի 20-րդ դարում ստեղծագործած հայ և օտարազգի գեղանկարիչների 27 քաղաքային բնապատկերներ՝ կատարված գրաֆիկական տարբեր տեխնիկաներով։

Միջթանգարանային համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի արվեստասեր հանրությանը կներկայացվի Դիլիջանի երկրագիտական թանգարան- պատկերասրահի հավաքածուից ընտրանի, որն արտացոլում է Հայաստանի և  տարբեր եվրոպական քաղաքների տեսարաններ` որպես ժամանակի վավերագրողներ։

Ցուցադրության կիզակետային հանգույցը Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Լուսաբացին» ստեղծագործությունն է։

Քաղաքային բնանկարները գրաֆիկական աշխատանքներով ներկայացնելը պատահական չէ. վերջիններս լայնորեն տարածում են գտել եվրոպական արվեստում`  սկսած Վերածննդի դարաշրջանից`  տպագրության ի հայտ գալով:

1920–ական թվականներից Հայաստանում զարգացում են ապրում գրքային գրաֆիկան, փորագրանկարչությունն ու հաստոցային գծանկարը: Փորագրության բնագավառում հայ նկարիչները նախընտրություն են տվել օֆորտին, փայտագրությանը, վիմագրությանը և լինոգրավյուրայի տեխնիկաներին:

Նշենք, որ «Եվրոպական ժառանգության օրերը» Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն  միջոցառումներից է, որին մասնակցում են Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներ։ Քսան տարուց ավելի է՝  Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող այս միջոցառմանը, որը «Եվրոպա՝ միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո ամեն տարի մի ծածկի տակ է համախմբում 50 երկրի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին